19/07/2023 15:07
Ախուրյան համայնքն այսուհետ կղեկավարի ՔՊ-ական Զավեն Մանուկյանը
Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում ավագանին նոր ղեկավար է ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Ախուրյան ԲԿ-ի տնօրեն Զավեն Մանուկյանին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուի քվեարակության ժամանակ ավագանու 17 քվեաթերթիկից 1 քվեաթերթիկ եղել է անվավեր, 1 դեմ, մյուս 15-ը կողմ ձայներ են եղել:
Մինչ այս, համայնքապետը ՀՅԴ-ական Արծրունի Իգիթյանն էր, որը վերընտրվել էր 2021 թվականի ընտրությունների արդյունքում՝ հավաքելով ավագանու 14 անդամի ձայն։ ՔՊ թեկնածու Ալբերտ Այվազյանը՝ մեկ ձայնով պակաս։
Հիշեցնենք, որ նախկին համայնքապետ Արծրունի Իգիթյանի պաշտոնանկության մասին առաջինը տեղեկացրեց ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ գրելով. «Ի հեճուկս վերջին օրերին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի դաշնակցական ղեկավարի և համայնքի ղեկավարի դաշնակցական առաջին տեղակալի այն պնդումներին, որ Ախուրյան համայնքում կառավարման ճգնաժամ չկա՝ այսօր Ախուրյան համայնքի դաշնակցական ղեկավար Արծրունի Իգիթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել»։
Այնուհետև Իգիթյանը իր հրաժարականի դիմում ներկայացնելը պատճառաբանեց առողջական խնդիրներ ունենալով։