19/07/2023 10:14
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մոտեցումը բացառապես փաշինյանական ռեժիմի դիրքորոշումն է և որևէ կապ չունի հայ ժողովրդի կամքի և ցանկության հետ. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու, Արցախի ապագան ադրբեջանցիների հետ տեսնելու, Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի հայկական համայնք դիտարկելու մոտեցումը բացառապես փաշինյանական ռեժիմի դիրքորոշումն է։
«Իշխող ՔՊ ներկայացուցիչը հայտարարում է, թե «մենք ճանաչել և հայտարարում ենք Ադրբեջանի տարածքում գոյություն ունեցող 120 հազարանոց հայկական համայնքի իրավունքներն ու սկզբունքները»:
Հիմա այս պարագայում Արցախի նախագահը նստացույց կանի, հացադուլ կանի, թե գործադուլ, տարբեր դեսպանատների դիմաց՝ ակցիաներ, մեկ է` մեր միջազգային գործընկերներն անընդհատ մեր «աչքն են մտցնելու» փաշինյանական ռեժիմի նմանատիպ հայտարարությունները:
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու, Արցախի ապագան ադրբեջանցիների հետ տեսնելու, Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի հայկական համայնք դիտարկելու մոտեցումը բացառապես փաշինյանական ռեժիմի դիրքորոշումն է և որևէ կապ չունի հայ ժողովրդի կամքի և ցանկության հետ:
Արցախի հարցում բեկում մտցնելու ցանկություն ունեցող խմբերը` Արցախում, թե Հայաստանում, ապաքաղաքական օրակարգով դիմակայելու հնարավորություն պարզապես չունեն»,- Facebook-ում գրել է Աբրահամյան։
Նա նաև տեղադրել է ՔՊ-ականի հարցազրույցը և նշել՝ «որքան էլ տհաճ լինի, սա պետք է լսեն հատկապես այն գործիչները, ովքեր Արցախում ստեղծված իրավիճակի պատճառների մասին խոսելիս վախենում ու խուսափում են հիշատակել ՀՀ իշխանություններին»: