19/07/2023 13:37
Վերին Լարսում բացարձակ ռեկորդ է սահմանվել. ՌԴ վարչապետը շեշտել է՝ Նիկոլ Փաշինյանին տված խոստումը կատարվել է
Վերին Լարսում բացարձակ ռեկորդ է սահմանվել. հունիսին անցել է 31 622 բեռնատար, այս մասին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը հայտարարել է Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը։
Նա նշել է, որ տեմպը պահպանվում է, հուլիսին հերթեր չկան։
«Սա և՛ մեր գերատեսչությունների, և՛ գործընկերների համատեղ հսկայական աշխատանքն է։ Մեր հայ գործընկերները նաև օգնում են մեզ համակարգել մեր աշխատանքը վրացի գործընկերների հետ, որոնց հետ, մասնավորապես, պայմանավորվում ենք, թե ինչպես մեքենաները միմյանց հանձնել հսկողության», - ասել է Դավիդովը։
ՌԴ վարչապետը նման փոխգործակցությունը «առողջ համագործակցություն» է որակել։
Նա հիշեցրել է, որ հունիսի 7-ին Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս թեմայի վերաբերյալ մտահոգություն էր հայտնել, իսկ իրենք խոստումներ էին տվել, որոնք կատարվել են։
«Ուստի ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մաքսավորներին, ովքեր տրանսպորտի նախարարության և այլ գերատեսչությունների մասնագետների հետ ակտիվ մասնակցություն են ունեցել Վերին Լարսի թողունակության հետ կապված խնդիրների լուծմանը»,- ասել է Միշուստինը։
Հիշեցնենք՝ հունիսի 22-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Վերին Լարսի անցակետի հետ կապված Հայաստանի ու Ռուսաստանի միջև երկարատև խոսակցությունը բերել է կոնկրետ ադյունքի։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշել էր՝ ռուսական կողմը շատ մեծ գործ է արել։