20/07/2023 22:15
Ե՞րբ է օրգանիզմը զգուշացնում աղի չարաշահման և հնարավոր վտանգների մասին
Մարդն աղի պահանջի 90 տոկոսը ստանում է սննդի միջոցով: Սակայն հաճախ խախտվում է համամասնությունը և օրգանիզմն ինքն է հիշեցնում, որ ժամանական է հրաժարվել աղի մեծ պաշարներից։
Օրինակ՝ աղի հավելյալ քանակը կարող է ջուրը պահել օրգանիզմում, առաջացնել այտուցներ ու քաշի ավելացում:
Ավելին, աղի չարաշահումը կարող է ազդել նաև մարդու ինքնազգացողության վրա: Այն կարող է առաջացնել ծարավի զգացում, գլխացավեր, երբեմն նույնիսկ հիպերնատրեմիա` դեհիդրատացիոն վիճակ, որն առաջանում է, երբ արյան շրջանառության մեջ առկա աղը գերբեռնում է երիկամները` հանգեցնելով մկանային ջղաձգումների, դեպրեսիայի, փսխման և այլ երևույթների առաջացման:
Հայաստանում չափահաս բնակչության 35%-ը սնվելիս մշտապես կամ հաճախ աղ է ավելացնում սննդին, 71%-ն էլ տանը կերակուր պատրաստելիս է աղը չարաշահում:
Աղի նույնիսկ փոքր հավելյալ քանակը երկար ժամանակահատվածում ընդունելը կարող է առաջացնել զարկերակային հիպերտենզիա, օստեոպորոզ, ստամոքսի քաղցկեղ և սրտային հիվանդություններ:
Մասնագետները վստահեցնում են՝ սննդակարգում աղի նվազեցումը կարևոր քայլ է սրտանոթային, ինչպես նաև երիկամների քրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկը կրճատելու համար:
Աղի չարաշահումը կարող է հանգեցնել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝
Երիկամների խնդիրներ: Նատրիումի՝ մեծ քանակով օգտագործումը մեծացնում է երիկամներում քարերի առաջացման հավանականությունը: Աղի օգտագործման դեպքում օրգանիզմում հեղուկ է կուտակվում, ինչը կարող է վնասել երիկամներին. զարկերակային ճնշումը բարձրանում է՝ աղի քանակը կարգավորելու համար՝ լարելով երիկամներն ու անոթները:
Զարկերակային ճնշման բարձրացում: Աղի չարաշահումը մեծացնում է հիպերտոնիայի զարգացման հավանականությունը, քանի որ հեղուկի կուտակումը սրտին ստիպում է ավելի արագ աշխատել: Դա լուրջ ծանրաբեռնվածություն է առաջացնում օրգանների համար և կարող է հանգեցնել սիրտ-անոթայհին հիվանդությունների, դեմենցիայի, կաթվածի և այլ առողջական խնդիրների:
Այտուցներ: Նատրիումի՝ մեծ քանակով օգտագործումը հանգեցնում է հեղուկի կուտակման ամբողջ օրգանիզմում: Այտուցներն առավել հաճախ նկատվում են ձեռքերի և ոտքերի հատվածում:
Խնդիրը կարելի է շտկել օգտագործելով այլ բազմաթիվ համեմունքներ, որոնք կիրառելի են աղի փոխարեն:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։