20/07/2023 22:35
Միայնակ տարեցներին ստիպված ենք սպասարկել ծայրահեղ դեպքերում, որովհետև Արցախում կա վառելիքի խնդիր. Վահրամ Առաքելյան
Արցախում այս պահին շաքարավազի և ձեթի տեսքով աջակցություն է ցուցաբերվում անչափահաս երեխաներին: Այս մասին Արցախի հեռուստաընկերության տաղավարում ասել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանը:
«Ցանկալի կլիներ, որ այդ աջակցությունը մեծ լիներ, քանի որ երեխաները նաև թերսնուցման, սննդակարգի ոչ լիարժեք ընդունման պատճառով տարբեր հիվանդությունների և խնդիրների առաջ են կանգնում: Սննդի հետ կապված դիմումներից բացի դիմում են նաև ֆինանսական աջակցության խնդրանքով: Մեծ խնդիր է նաև հիգիենայի պարագաների հարցը, որը սպառման եզրին է: Շատ քաղաքացիները դիմում են հիգիենայի պարագաների խնդրանքով»,- ասաց Վահրամ Առաքելյանը:
Նրա խոսքով՝ վերջին ամիսներին դիմումատուների թիվը կտրուկ աճել է, որովհետև օրեցօր խնդիրներն ավելի է խորանում.
«Նախարարությունն իր ռեսուրսների սահմանում փորձում է ամենածայրահեղ դեպքերում որոշակի աջակցություն ցուցաբերել, բայց ներկա պայմաններում ամբողջությամբ ապահովել բոլորի կարիքները հնարավոր չէ»:
Անդրադառնալով Արցախում տարեցների խնդիրներին՝ նախարարն ասաց. «Ունենք վառելիքի խնդիր, ինչը խաթարում է նաև մեր ծրագրերը: Միայնակ տարեցների խնդիրն է այժմ, մեր աշխատակիցները տնային այցելությունների շնորհիվ ցուցաբերում էին աջակցություն նրանց: Այս պահին վառելիքի բացակայության պատճառով խնդիրը խորանում է: Մենք ստիպված են սպասարկել միայն ծայրահեղ դեպքերում: Ունենք անկողնային հիվանդներ, որոնք փորձաքննությունը կատարվում է տնային պայմաններում»:
Նախարարն ասաց, որ Արցախում կան երեխաներ, որոնք հատուկ մասնագիտացված առողջարաններ պետք է ուղեգրվեին, իսկ շրջափակման պատճառով ծրագիրը չեղարկվել է. «Արցախի Հանրապետության տարածքում նման հաստատությունների բացակայությունը լուրջ խնդիրներ է առաջացնում: Այդ մարդիկ չեն կարողանում ստանալ լիարժեք վերականգնողական առողջարանային բուժում»:
Վահրամ Առաքելյանի խոսքով՝ նախարարությունը շատ քիչ ռեսուրս ունի քաղաքացիներին աշխատանքով ապահովելու համար, քանի որ օրեցօր տնտեսվարող սուբյեկտներ են դադարեցնում իրենց գործունեությունը. «Օրեցօր ավելանում է եկամտից զրկված քաղաքացիների թիվը»: