20/07/2023 23:42
Հարուցված գործը քաղաքական պատվեր է, փորձում են ճնշել ծնողներիս. Արա Ռոստոմյան
Վերջերս Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու մասին: Հարցի վերաբերյալ Aysor.am-ին մեկնաբանություն է տվել «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Արա Ռոստոմյանը:
«Մեղադրանք առաջադրվել է ոչ միայն Գարիկ Գալեյանին, գործում ներգրավված են նաև Գարիկի եղբայրը՝ Արթուր Գալեյանը և Վահիդ Սահակյանը: 2022 թվականի հունիսի 30-ին, երբ Գլխավոր դատախազության մոտ բողոքի գործողություն էինք իրականացնում, մի խումբ տղամարդիկ մոտեցան ծնողներիս, ներկայացրին, թե ֆիլմ են նկարահանում, բայց ակնհայտ էր, որ այդ տղամարդկանց թիրախում միայն ծնողներս էինք, մի քանի անգամ հորդորեցինք դադարեցնել նկարահանումը, հրաժարվեցին, ինչից հետո Գարիկ Գալեյանը ձեռքին եղած շշով ջուրը ցողեց նկարահանողներից մեկի վրա: Այդ տղամարդիկ հարձակվեցին ծնողների վրա, մարմնական վնասվածքներ հասցրին, ապացուցող լուսանկարները մենք ունենք:
Միջադեպից հետո ծնողները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին ոստիկանություն, մինչ այս պահը որևէ քննչական գործողություն չէր արվել, հանկարծ տեղեկանում ենք, որ ճիշտ հակառակ տրամաբանությամբ են առաջնորդվել՝ գործ հարուցելով տուժող կողմի՝ այսինքն ծնողներիս նկատմամբ»:
Արա Ռոստոմյանն ընդգծում է՝ հարուցված գործն աբսուրդի ժանրից է, քանի որ եթե ջուր ցողելը որակվում է խուլիգանություն, ապա այդ դեպքում՝ ինչ պետք է որակվի պաշտոնյայի՝ քաղաքացու դեմքին թքելու քայլը:
«Վերջերս Վարդավառին փողոցով անցնում էի, նկատեցի՝ մի խումբ կանանց վրա դույլերով ջուր են լցնում՝ առանց այդ կանանց կամքը հաշվի առնելու, հիմա դույլով ջուր լցնողների հանդեպ գո՞րծ պետք է հարուցվի: Ես գիտեմ, որ Քննչական կոմիտեում կան հայրենասեր մարդիկ, որոնք նույնպես պատվերների պատճառով վատ դրության մեջ են հայտնվում, այդ մարդիկ հաճախ ամաչում են մեր աչքերին նայել. այնպես չլինի, որ շուտով ամաչեն նաև իրենց երեխաների աչքերին նայելուց:
Ակնհայտ է՝ գործ ունենք քաղաքական պատվերի հետ, վերջերս մասնակցել էինք «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքին, լուսանկար հրապարակել. այս իշխանությանը վախեցնում է մեր ակտիվությունը և նմանատիպ շինծու գործերով փորձում են մեզ ճնշել, լռեցնել»:
Արա Ռոստոմյանի գնահատմամբ, քանի դեռ երկրում իշխանություն չի փոխվել, որևէ հարց լուծում չի ստանալու, ավելին՝ բազմապատկվելու են ծնողներին ճնշելու փորձերը:
Արա Ռոստոմյանն ասում է՝ որևէ քայլ չեն նախատեսում, գործը վստահել են փաստաբան Վահան Հովհաննիսյանին:
Ռոստոմյանը հորդորում է լրատվամիջոցներին գործի հետ կապված մանրամասներ ճշտել միայն փաստաբանից, չչարաշահել ծնողների հուզական տրամադրությունը: