20/07/2023 22:55
Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար իրավիճակի վատթարացման ռիսկ կա․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
Հայաստանի կողմից հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում ելույթ է ունեցել կազմակերպությունում ԱՄՆ գործերի հավատարմատար Քեթրին Բրաքերը։
Նա ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի հանդիպումների անցկացումը, այդ թվում՝ հուլիսի 15-ին Բրյուսելում և հունիսի 27-29-ը՝ Վաշինգտոնում։ Հայտնում է 1lurer.am-ը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, երկխոսությունը և հարաբերությունների կարգավորումը՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի, ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից հրաժարվելու՝ Հելսինկյան եզրափակիչ ակտում շարադրված սկզբունքների հիման վրա, մնում են առաջ գնալու միակ ճանապարհը»,- շեշտել է դիվանագետը։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը՝ Բրաքերը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար իրավիճակի վատթարացման ռիսկ կա։
«Մենք կրկին կոչ ենք անում կողմերին զերծ մնալ սադրիչ, սպառնացող կամ թշնամական գործողություններից կամ հռետորաբանությունից»,- նշել է ԱՄՆ ներկայացուցիչը: