20/07/2023 11:41
Այսօր Արցախում մարդիկ սովի են մատնված ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ լուռումունջ նայող միջազգային հանրության բոլոր ինստիտուտների կողմից. Լարիսա Ալավերդյան
«Մենք Արցախն ենք» նախաձեռնությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում։
«Այստեղից մեր կոչն ուղղում ենք Արցախին, որ բոլորս Արցախի կողքին ենք, Արցախը միայնակ չէ, պահանջատեր ենք, որպեսզի կյանքի ճանապարհը բացվի և մեր հայրենակիցներն այնտեղ սովահար չլինեն», - հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, թե այսօր Արցախում մարդիկ սովի են մատնված ոչ միայն Ադրբեջանի կողմից, այլև՝ լուռումունջ նայող միջազգային հանրության բոլոր ինստիտուտների կողմից։
«Արցախում է մարդու իրավունքների և արժանապատվության ուղղակի մարմնավորումը։ Այդ մարդիկ իրենց կյանքով ու զրկանքներով ապացուցում են, որ ոչինչ չկա ավելի բարձր, քան մարդու արժանապատվությունը, որն այդքան մեծ ոգևորությամբ ուզում են նսեմացնել եվրոպական չինովնիկները», - ասաց Լարիսա Ալավերդյանը։
Նա նշեց, թե միայն մեկ խնդրանք կա՝ ապահովել ճանապարհը դեպի Արցախ.
«Մենք ձեզնից սնունդ չենք ուզում, սնունդը մենք ինքներս ենք բերելու։ Պահանջում ենք՝ ապահովեք ճանապարհը։ Ամոթ է, դուք սովի եք մատնում 120 հազար հայերի, որոնց թվում 30 հազար մանուկներ կան»։