20/07/2023 17:16
Մասաչուսեթսի նահանգապետը Ջո Բայդենին կոչ է արել մարդասիրական աջակցություն ցուցաբերել ԼՂ-ին
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի նահանգապետ Մորա Հիլին նամակ է ուղղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կապված Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ, գրում է «Լուրերը»։
Նահանգապետը հիշեցրել է նաև Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների և միջանցքը բացելու՝ Արդարադատության միջազգային դատարանի պահանջների մասին։
Հիլին նախագահ Բայդենին կոչ է արել գտնել հնարավոր բոլոր ուղիները Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար և շարունակել առաջ տանել շրջափակումը վերացնելու դիվանագիտական ջանքերը: Նա ԱՄՆ վարչակազմին հորդորել է օգտագործել բոլոր հնարավոր գործիքները՝ ապահովելու ԼՂ անվտանգությունը և աջակցելու Հայաստանի խաղաղությանը։
Նահանգապետը հիշեցրել է, որ Մասաչուսեթսի համայնքը վաղուց ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: