20/07/2023 19:10
Մեծ Բրիտանիան խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի աշխատանքի շարունակական խախտումներով․ Նիլ Հոլանդ
ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Նիլ Հոլանդը հայտարարել է, որ իր երկիրը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի աշխատանքի շարունակական խախտումներով, հաղորդում է Հայաստանի Հանրային ռադիոն:
«Մենք աջակցում ենք 2023 թվականի փետրվարին Ադրբեջանի վերաբերյալ միջազգային դատարանի կայացրած որոշմանը ՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անարգել երթեւեկությունն ապահովելու վերաբերյալ։ Մեծ Բրիտանիան կրկին կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ մարդասիրական օգնության քաղաքականացումից։ Քաղաքացիական բնակչության պաշտպանության համար չափազանց կարեւոր է, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նման կազմակերպությունները կարողանան շարունակել իրենց աշխատանքն այս տարածաշրջանում:
Մեծ Բրիտանիան հստակ հայտարարել է, որ այս հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի եւ կոչ է անում երկու կողմերին շարունակել բովանդակային բանակցությունները կարգավորման համար: Մենք ընդունում ենք, որ ցանկացած կարգավորում պետք է ներառի դրույթներ Լեռնային Ղարաբաղում տեղի բնակչության իրավունքների պաշտպանության վերաբերյալ:
«Մեզ ոգեւորում է Շառլ Միշելի՝ հուլիսի 15-ին կայացած եռակողմ հանդիպումը նախագահ Ալիեւի եւ վարչապետ Փաշինյանի հետ, եւ մենք հույս ունենք, որ կպահպանվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատմական խաղաղ համաձայնության հասնելու ազդակը»,-հավելել է նա։