20/07/2023 20:25
Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ է վատթարանում. Միրզոյանը՝ ԵԱՀԿ նիստին
Հուլիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցել է Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին։
Մինչև նիստի մեկնարկը նախարար Միրզոյանը կարճ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ մշտական խորհրդում նախագահող Իգոր Դյունդևի հետ։
Պարո՛ն նախագահող,
Հարգելի՛ դեսպաններ,
ԵԱՀԿ-ն՝ իր մանդատով լիազորված իր կառույցներով, 1990-ականների սկզբից ներգրավված է եղել միջնորդելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Ցավոք, ուժի կիրառումը և պատերազմական ագրեսիան լուրջ հարված հասցրին այդ ջանքերին։
Թեպետ Ադրբեջանը սխալմամբ պնդում է, որ ԼՂ-ն այժմ ներքին խնդիր է, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետը ցույց է տալիս, որ առանց կենսունակ միջազգային մեխանիզմի ոչ մի հայ չի գոյատևի Լեռնային Ղարաբաղում։
Չնայած Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա վատթարացումը սպառնում է լրջորեն վնասել ընթացող քաղաքական գործընթացին: Այսպիսով, Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ շահագրգիռ բոլոր գործընկերները պետք է հստակ գործողություններ ձեռնարկեն: Իրավիճակը պարզից էլ պարզ է. Լաչինի միջանցքի բացման նպատակով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելը մեծապես կնպաստի մեր տարածաշրջանի խաղաղության հեռանկարներին։
Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ ահազանգել, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ է վատթարանում: Ներկա իրավիճակը տեղում գնահատելու համար պահանջվում է միջազգային հանրության անհապաղ ուշադրությունը: Համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղ կարիքների գնահատման առաքելություն ուղարկելը և տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելը չափազանց մեծ կարևորություն ունեն:
Հայաստանը ակնկալում է ադրբեջանական կողմից.
- վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժն ու անվտանգությունը՝ համաձայն նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների,
- իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 23-ին ընդունած և հուլիսի 6-ին վերահաստատած որոշումը,
- ապահովել մարդասիրական հասանելիություն դեպի Լեռնային Ղարաբաղ և համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կառույցների հետ,
- լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերը բացառապես խաղաղ միջոցներով:
Շնորհակալություն ուշադրության համար։