20/07/2023 19:08
Հայրենիքը պետք է ավելի սիրել, երբ այն վիրավոր է. Սառա Մարգարյան
Սառա Մարգարյանի հայրը՝ Մարգարյան Նոդարը, լինելով զինվորկան իր ընտանիքը տեղափոխել էր Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղ, որտեղ էլ աղջիկը անց է կացրել իր մանկությունը և հաճախել Մատաղիսի դպրոց:
Սառայի հայրը զոհվել է ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Նա համոզել է կնոջը և աղջկան հարևանների հետ դուրս գալ գյուղից, ինքը մնացել այնտեղ, որտեղ էլ թշնամու հարվածից զոհվել է:
Հետագայում Սառան մայրիկի հետ տեղափոխվում է Ստեփանակերտ, որպեսզի բարձրագույն կրթություն ստանա: Ընդունվում է Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի «Հայոց լեզու և հայ գրականություն» ֆակուլտետ:
«Դեկտեմբերի 12-ին ճանապարհի փակվելուն մեծ ուշադրություն չդարձրեցի մտածելով, որ կարճաժամկետ երևույթ է:
Առաջին հիասթափությունս առաջացավ այն ժամանակ, երբ չկարողացա խոստումս պահել և ներկա գտնվել ընկերուհուս հարսանիքին, ով Արցախից դուրս է ապրում:
Երբ տեսնում էի մարդկանց խուճապահար գտնումներ կատարելը՝ զարմանում էի ու չէի հասկանում իրենց: Անգամ ծանոթներիս հորդորում էի այդքան ծանր չտանել ճանապարհի փակվելը և գնումների քանակը չավելացնել:
Բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ իրենք ավելի ճիշտ էին, ու ես սկսեցի անհանգստանալ:
Մեր ընտանիքն էլ ապահովված չէր պահուստային ապրանքներով, ու եկավ մի պահ, որ մենք կանգնեցինք խնդրի առաջ:
Լինում էր,որ ես ու մայրս ժամերով հերթեր էինք կանգնում, որ գոնե կարողանանք մի բան գնել, բայց ոչ միշտ էր հաջողվում:
Մեր բարեկամները, ովքեր ապրում են Վանք գյուղում, իմանալով այս ամենը, մեզ հրավիրեցին իրնեց տուն:
Ստեփանակերտ վերադառնալիս մեր բարեկամները մեզ հետ դրեցին այդ պահին մեզ համար կենսական նշանակություն ունեցող սննդամթերքներ:
Շատ դժվար էր մեզ համար ձմեռվա ցրտերին դիմակայելը: Քանի որ տունը տաքացնում էինք էլեկտրական տաքացուցիչով և լույսերը անջատվում էր երեք ժամով, մենք սառում էինք:
Հիանալի հարևաններ ունենք, ովքեր մեզ և մեր մյուս հարևաններին միշտ հրավիրում էին իրենց տուն տաքանալու, քանզի իրենք փայտե վառարան էին տեղադրել:
Այդ դժվարին օրերին միմյանց նկատմամբ մարդկայնի վերաբերմունքը մեծ արժեք ուներ:
Մի օր համացանցում կարդացի, որ մայրը իր բալիկի համար դեղորայք է փնտրում ու չի գտնում, գիտեի,որ մեր տանը կա, անմիջապես արձագանքեցի և փոխանցեցի այդ կնոջը:
Քանի որ ես քաղցրավենիք շատ եմ սիրում ու առանց քաղցրավենիք անտանելի բարդ է ինձ համար, մի օր մեր հարևանի աղջկա մոտ ասացի.
«Վա~յ, պատկերացնու՞մ ես այս պահին մի հատ չոկոպայ լիներ և պատմեցի, որ անգամ երազումս եմ տեսել, ու ծիծաղեցինք:
Մի քանի օրից այդ աղջիկը ինձ կանչում է իրենց տուն, ու տեսնում եմ իրենց սեղանին չոկոպայ է դրված: Դուք չեք պատկերացնի,թե ինչ զգացողություններ ինձ մոտ առաջացան՝ լաց, ուրախություն, չգիտեմ, բառերս չեն հերիքում, որ նկարագրեմ այդ ապրումները:
Պարզվում է՝ այդ օրը ռուս խաղաղապահները դպրոցներում երեխաներին օգնություն են տրամադրել, և իր բաժնում, բարեբախտաբար, չոկոպայ է եղել:
Մի պահ անգամ մեր դասընթացները դադարեցին, քանզի անհնարին էր լսարանների տաքացումը:
Օնլայն պարապունքներն էլ անհնարին էր, որովհետև մեր համացանցը գրեթե չէր աշխատում», - պատմում է Սառան:
Գիրք կարդալը Սառայի համար ապրելակերպ է:
Սառային ծանոթ և անգամ շատ անծանոթ մարդիկ գիտեին, որ ինքը հարուստ գրադարան ունի և հաճախ դիմում էին նրան գիրք վերցնելու համար:
Շրջափակման ընթացքում, քանի որ գրեթե ոչինչ չկար անելու, և երիտասարդները անհասկանալի իրավիճակում էին հայտնվել, Սառան որոշում է մի փոքր աշխուժություն մտցնել միապաղաղ կյանք:
Սառան օնլայն հարթակում բացում է գրադարան, որտեղ տեղադրում է իր գրքերի անվանումները ու գիրք վերցնողներին խնդրում, որ վերադարձնելուց հետո անպայման այդ էջում քննարկեն գրքի բովանդակությունը:
Ի դեպ՝ այդ քննարկումները շատ հետաքրքիր են անցնում, տարբեր կարծիքներ են հնչում, ու լինում են նաև իմաստային բանավեճեր:
Չէր պատկերացնում, որ մարդիկ՝ հիմնականում երիտասարդներ, այդքան ակտիվ կլինեն, ու հասկացավ, որ գիրք կարդալը չի մոռացվել:
«Ամառային այս շրջանում էլ ընկերներով հաճախ գնում ենք քաղաքից դուրս միմյանց հետ շփվելու, թեյ խմելու, գնում ենք ոչ շատ հեռու, քանի որ վառելիքի բացակայության պատճառով ոտքով ենք գնում, ու քաղաքից հեռու գնալը անհնարին է:
Չեմ պատկերացնում ոնց կարելի է Արցախը լքել, ես չեմ ընկալում այն գաղափարը, որ ոմանք առանց հիմնավոր պատճառների լքում են իրենց հայրենիքը:
Հայրենիքը միայն անվտանգ ժամանակ չեն սիրում, այլ հենց վտանգված ժամանակ պետք է նեցուկ լինել նրան», - ասում է Սառան: