20/07/2023 11:30
Էլ ավելի է սրվել Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը պետք է շարունակվի հնարավորինս ինտենսիվ, կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ պետք է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ ակտիվ ջանքեր գործադրել։
«Այս պահին մեր խնդիրը ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա ավելի մեծ միջազգային ուշադրություն հրավիրելն է դիվանագիտական եղանակներով, նաև՝ միջազգային մամուլում և սոցիալական ցանցերում հնարավորինս լայնորեն ու օբյեկտիվ ներկայացնելու միջոցով»,- ասաց վարչապետը։
Նա նշեց, թե այս ընթացքում էլ ավելի է սրվել Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը։
«Միևնույն ժամանակ, Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը իրավիճակի հաղթահարման ամենակառուցողական սցենարն է ու պետք է բոլոր ջանքերը գործադրել այս ուղղությամբ», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։