20/07/2023 13:35
Ստացե՞լ է արդյոք Հայաստանն Ադրբեջանից նամակ, որով պահանջում են դադարեցնել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում են՝ ստացե՞լ են արդյոք նամակ ադրեջանական կողմից, որով հայկական կողմից պահանջում են դադարեցնել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը։
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանն Aysor.am-ին ասաց, թե ուսումնասիրում են թեման։
Ճշտող հարցին՝ ստացե՞լ եք նամակը՝ խոսնակն արձագանքեց. «Միայն կարող եմ ասել, որ ուսումնասիրում ենք թեման, համապատասխան պարզաբանմամբ հանդես կգանք»»։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջում է դադարեցնել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը համապատասխան նամակ է հղել Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին։
Նշենք, որ գործարանը կառուցվում է ամերիկյան ներդրումներով։ Շինհրապարակը գրեթե ամեն օր գնդակոծվում է ադրբեջանական զինուժի կողմից։