20/07/2023 12:16
Մենք ոչ մեկին հող չենք տալու Երևանի կենտրոնում. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի բուհական համակարգը խորը ճգնաժամի մեջ է, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, թե կառավարության պարտքն է հաղթահարել այդ ճգնաժամը։
«Լավ լուրն այն է, որ կառավարությունն ունի ծրագիր, թե ինչպես հաղթահարել ճգնաժամը, մյուս լավ լուրն էլ այն է, որ ծրագիրը սկսել է իրագործվել, խոսքն Ակադեմիական քաղաքի ծրագրի մասին է»,- նշեց վարչապետը։
Նա ասաց, թե Հայաստանում լինելու է մինչև 8 պետական բուհ։
Փաշինյանի խոսքով՝ 2027 թվականից հետո կառավարությունը թույլ չի տալու հավաստագրման, արտոնագրման ու լիցենզավորման պայմաններին չհամապատասխանող բուհերի գործունեությունը։
«Այսօր Հայաստանում չկա գեթ մեկ բուհ, որը հավաստագրման ու արտոնագրման պայմաններին կհամապատասխանի, ուղղակի չկա նման բուհ»,- նշեց վարչապետը։
Նա ասաց, թե շատ օտարերկրյա բուհեր կան, որ ասում են՝ «մեզ հող տվեք, ցանկալի է՝ Երևանի կենտրոնում»:
«Մենք ոչ մեկին հող չենք տալու Երևանի կենտրոնում, մենք բոլորին հող տալու ենք Ակադեմիական քաղաքում, բոլորը պետք է համակերպվեն սրա հետ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։