20/07/2023 11:12
Բրյուսելի եռակողմ հանդիպումը որևէ կոնկրետ արդյունք չտվեց. Բաքուն շարունակում է իր ագրեսիվ ու սպառնալից հռետորաբանությունը. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանարամասներ ներկայացրեց հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից։
«Այդ հանդիպումը, ցավոք, Լաչինի միջանցքի բացման ու ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեց»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը, որով ընդգծվում էր Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության օրակարգը Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը։
«Մեր համոզմունքը եղել ու շարունակում է մնալ այն, որ առանց միջազգային ներգրավվածության ու մեխանիզմների՝ այս երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել առնվազն այն պատճառով, որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ ու սպառնալից հռետորաբանությունը ԼՂ հայության նկատմամբ, որի խորքային նպատակը ԼՂ-ում էթնիկ զտումների իրականացումն է։ Հիմա, արդեն, դա ոչ թե տեսական պնդում է, այլ՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ իրագործվող կոնկրետ ծրագիր, որի ուղիղ դրսևորումն էլեկտրաէներգիայի, բնական գազի, պարենի ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքների՝ դեպի ԼՂ մատակարարման իսպառ բացակայությունն է՝ ԼՂ-ում հայերի բնակվելը անհնարին դարձնելու նպատակով»,- շեշտեց վարչապետը։