20/07/2023 09:51
«Ժողովուրդ». «Ականջ ծամելու» պատրաստակամություն հայտնածը ՔՊ-ի 3-րդ համարն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններում իշխող ՔՊ-ի ընտրացուցակի 3-րդ համարը՝ առաջին կինը, մայրաքաղաք Երևանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նուարդ Վարդանյանն է: Թեև նա ի պաշտոնե պետք է քաղաքաշինական ճգնաժամի մասին հոգ տանի, բայց մայրաքաղաքը ճկում է քաղաքաշինական բեռի տակ. առանց բացառության բոլոր համայնքներում շինարարություն է ընթանում՝ հաճախ իրավական նորմերին չհամապատասխանող, բայց Վարդանյանը Երևանի փողոցների անվանափոխության հարցում է առավել ակտիվ:
Հիմա էլ զբաղված է երևանցի արվեստագետների հետ քաղաքային իշխանության հարաբերությունների ջերմացմամբ: Իսկ քաղաքաշինությունը նրան հետաքրքրում է՝ զուտ ազգակցական կապերով պայմանավորված, քանի որ նրա հորեղբայրը՝ ճարտարապետ Լևոն Վարդանյանը՝ հայտնի մականունով, չի կտրվում Երևանի քաղաքաշինության ոլորտից: Լևոն Վարդանյանը Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կադրերից է, որը նաև Արթուր Մեսչյանի ժամանակ էր շարունակում «գերիշխող» դիրք ունենալ քաղաքային այդ ոլորտում:
Այսինքն՝ քաղաքաշինական ոլորտում շարունակում են թելադրող մնալ նախկին կադրերն ու բարքերը: Դե իսկ Նուարդ Վարդանյանի ամուսինն էլ նորահայտ բիզնեսմեն է. Ստեփան Մարգարյանը ՀՀ կառավարության՝ արտադրական կանեփի թույլատրման որոշումից անմիջապես հետո հիմնադրված «Գրոուար» ընկերության բաժնետոմսերի 45 տոկոսի բաժնետերն է: Այսինքն՝ ՔՊ ավագանու ընտրացուցակի 3-րդ համարը և՛ նախկին է, և՛ նոր հարստացած ներկա: Ի դեպ, Նուարդ Վարդանյանի քույրը ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանն է, որը պետբյուջեի հաշվին ամենաշատը գործուղման մեկնած պատգամավորներից է:
Իսկ Նուարդի հայրը Ժոկոն է՝ Գևորգ Վարդանյանը. 1993-ին եղել է ՀՀ պետնախարար, 1995-1998թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 1998-2000թթ՝ բնապահպանության նախարար: Նուարդ Վարդանյանը հայտնի դարձավ հանրությանը իր ագրեսիվ մի արտահայտությամբ, երբ հայտարարեց. «Ես՝ որպես 90-ականների երեխա, ով էդ սարսափի մեջ է մեծացել, թույլ չեմ տալու, որ զարմուհիս ու մնացած մեր երեխաները դա ապրեն:
Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ»: Ահա «ականջ ծամելու» պատրաստակամություն հայտնածը ՔՊ-ի 3-րդ համարն է: Հերթով կանդրադառնանք թեկնածուներին»։