21/07/2023 21:13
Սոցիալական մեդիան և քնի խանգարումները
Սոցիալական մեդիայի օգտագործումն առողջության վրա ունենում է մի շարք բացասական հետևանքներ:
Օրինակ, ապացուցված է, որ սոցիալական մեդիայի օգտագործումը կապված է քնի խանգարումների հետ, ընդ որում, այն ոչ միայն կրճատում է քնի տևողությունը (գիշերային քնի ժամեր), այլև՝ վատթարացնում քնի որակը:
Սոցիալական մեդիայից օգտվելը սովորաբար ենթադրում է սմարթֆոնի կամ այլ տեխնիկայի էկրանի ինտերակտիվ օգտագործում, որը կարող է ավելի մեծ ազդեցություն թողնել քնի խանգարման վրա, քան ավելի «պասիվ» ձևերը, օրինակ՝ հեռուստացույց դիտելը:
Այլ մեխանիզմների հետ մեկտեղ, սոցիալական մեդիայի օգտագործումը կարող է ոչ միայն ուղղակիորեն ազդել քնի վրա՝ կրճատելով գիշերային քնին հատկացվող ժամանակը, այլև անուղղակիորեն խանգարել քունը՝ նպաստելով մարդու հուզական, ճանաչողական և հոգեբանական վիճակի գրգռմանը, հետևաբար՝ չթողնելով, որ ուղեղը հանգստանա և պատրաստվի քուն մտնելուն:
Մեկ այլ հետազոտությամբ պարզվել է, որ օրական ավելի քան 2 ժամ սոցիալական մեդիային տրամադրելը գրեթե 2 անգամ բարձրացնում է քնի խանգարման հավանականությունը։
Սոցիալական մեդիայից «կախվածությունը» խաթարում է նորմալ քունը՝ անկախ օգտագործման ժամից:
Քնած վիճակում մարդու ուղեղն անցնում է որոշակի ցիկլեր (գիշերվա ընթացքում՝ 4-6 անգամ), որոնք կազմված են միմյանց փոխարինող արագ և դանդաղ փուլերից։ Ուղեղը և մարմինը հանգստանում են գլխավորապես դանդաղ քնի փուլում, երբ գրանցվում է նաև անոթազարկի դանդաղում, արյան ճնշման նվազում և նյութափոխանակության դանդաղում։ Իսկ երազներ տեսնում եք քնի արագ փուլի շրջանում։
Օրգանիզմի «ներքին մեխանիզմները» հսկում և կարգավորում են, թե մենք երբ քնենք և արթնանանք: Երբ այս մեխանիզմները խափանվում են, օրինակ՝ սոցիալական մեդիայի գերօգտագործման, գիշերային հերթապահության կամ այլ պատճառներով, առաջ են գալիս քնի խանգարումներ:
Քնի խանգարումը բացասաբար է անդրադառնում է ցերեկային առօրյա կյանքի վրա՝ առաջացնելով քնկոտություն, ընդհանուր հոգնածության զգացում, մտավոր և ֆիզիկական գործունեության թուլացում, ուշադրությունը կենտրոնացնելու դժվարություն և այլն։
Առողջ քունն այնքան կարևոր է, որքան կանոնավար ֆիզիկական ակտիվությունը, առողջ սննդակարգը և առողջության պահպանման մյուս բաղադրիչները:
Բավարար քնի բացակայությունը կարող է լրջորեն ազդել առողջության վրա: Մտավոր նորմալ գործունեությունը խաթարելուց բացի, քնի պակասը կարող է առաջացնել նաև տարբեր խնդիրներ, այդ թվում բարձրացնել այնպիսի լուրջ հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպիսիք են սրտի իշեմիկ հիվանդությունը, բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) կամ շաքարախտը (շաքարային դիաբետ): Մարդիկ, ովքեր քնի մշտական պակաս ունեն, ավելի մեծ հավանականությամբ են դառնում ճանապարհատրանսպորտային և այլ պատահարների կամ զոհ կամ մեղավոր:
Քնի մշտական պակասը կարող է դառնալ նաև վաղաժամ մահվան բերող անբարենպաստ գործոններից մեկը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։