21/07/2023 22:56
ԼՂ ժողովուրդն աշխատասեր ժողովուրդ է, և գյուղատնտեսական սեզոնին որոշ մթերքներ արտադրվում են. Փաշինյանը խոսել է Արցախի հումանիտար ճգնաժամի մասին
Եթե չհավատայի Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը, ընդհանրապես բանակցային գործընթացին մասնակցելն իմաստ չէր ունենա, Ֆրանս-պրես գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց հավատալը չի նշանակում, որ երաշխավորում է, որ մենք արդյունքի կհասնենք, որովհետև հասկանալիորեն ոչ միայն ինձնից է կախված, բնականորեն կախված է նաև Ադրբեջանի նախագահի դիրքորոշումներից: Էլ չեմ ասում, որ ընդհանուր առմամբ, մենք վակուումի մեջ չենք բանակցում: Կա միջազգային իրադրություն, կա պատմական իրադրություն, հումանիտար իրադրություն, մարդկային ամենատարբեր գործոններ, որոնք կարող են որևէ պահի ի հայտ գալ, քաղաքական իրավիճակներ: Այսինքն՝ այս ամեն ինչը բնականորեն ազդում է պրոցեսի վրա, բայց իհարկե, պրոցեսի վրա ամենամեծ ազդեցությունն ունեն անմիջական բանակցողները, այսինքն՝ Ադրբեջանի նախագահը և ես» , - ասել է Փաշինյանը։
Նա նշել է, թե «Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ունենք»։
«Հումանիտար ճգնաժամ երբ ասում ենք, ըստ էության, շատ մարդկանց համար դա կարող է ուղղակի քաղաքական տերմին լինել կամ լուրերի վերնագիր: Բայց եկեք փորձենք հասկանալ՝ ի՞նչ է դա նշանակում: Օրինակ՝ դա նշանակում է առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայություն: Տեսեք, այսօր Լեռնային Ղարաբաղում չկա ձեթ, չկա շաքարավազ, չկան հիգիենիկ պարագաներ, չկա կարագ, չկան սննդի մի շարք տեսակներ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, իհարկե, աշխատասեր ժողովուրդ է, և այս գյուղատնտեսական սեզոնին որոշ մթերքներ արտադրվում են: Բայց վառելիքի բացակայության պատճառով այս մթերքները հասցնել պոտենցիալ սպառողներին, գրեթե անհնար է: Այսինքն՝ Ղարաբաղում նաև հացահատիկի որոշակի պաշար կա: Բայց նախ վառելիքի բացակայության պատճառով դա հնարավոր չէ հասցնել ալրաղացներ: Եթե ինչ-որ ձևով հնարավոր է հասցնել ալրաղացներ, վառելիքի բացակայության պատճառով դա հնարավոր չէ հասցնել հացի արտադրամասեր: Եթե ինչ-որ ձևով հասցնել հացի արտադրամասեր, հոսանքի և վառելիքի բացակայության պատճառով հնարավոր չէ հաց թխել առնվազն արտադրական ծավալներով: Եթե ինչ-որ ձևով հնարավոր է թխել, դա հնարավոր չէ հասցնել խանութներ: Եթե ինչ-որ ձևով հնարավոր է հասցնել խանութներ, մարդիկ ունեն տրանսպորտային սահմանափակումներ հաց ձեռք բերելու նպատակով խանութ հասնելու համար: Եթե ինչ-որ ձևով կարող են հասնել խանութ հաց գնելու համար, քանի որ զրկվել են աշխատանքից՝ չունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ այն ձեռք բերելու համար:
Երբ այս բոլոր շերտերը, այս բոլոր ծանրությունները դնենք մի մարդու վրա՝ ամբողջ ծանրությունը հասկանալի է: Այսինքն՝ նկատի ունեմ այս պայմաններում հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունում և, իհարկե, նաև Լեռնային Ղարաբաղում հոռետեսությունն ամեն օրվա հետ ավելանում է, ինչը մեր քաղաքականությունը որևէ կերպ չի փոխում: Մենք համոզված ենք, որ բանակցային ճանապարհով հարցերը լուծելու մեթոդը միակն է: Բայց մյուս կողմից, եթե բանակցային ճանապարհով հարցեր չեն լուծվում, այդ բանակցությունները նույնպես հանրության շրջանում կարող են ընկալվել որպես ժամավաճառություն, կամ ընդամենը լրատվության մեջ ինչ-որ բան անելու տպավորության ձևավորում: Սրանք բոլորը ռիսկեր են, որ ուղիղ և անուղղակի ազդում են պրոցեսի վրա»,-ասել է Փաշինյանը։