21/07/2023 10:49
Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի. Մեթյու Միլլեր
ԱՄՆ-ն շարունակում է խորապես անհանգստացած մնալ, որ Ադրբեջանը շարունակ փակ է պահում Լաչինի միջանցքը առևտրային, հումանիտար և անձնական մեքենաների համար, Radar Armenia-ի հարցին ի պատասխան՝ հայտարարել է ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտելով՝ առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի։
Լրատվամիջովը դիմել էր ԱՄՆ պետքարտուղարությանը՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես է վերաբերվում Արցախում տիրող իրավիճակին։
Միլլերը նշել է, որ մարդասիրական նպատակներով տեղաշարժի դադարեցումը ահագնացնում է հումանիտար իրավիճակը և խաթարում վստահության ձևավորման ջանքերը խաղաղության գործընթացում։
«Մենք հետևողականորեն պաշտպանում ենք տեսակետը, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովումը։ Մենք ողջունում ենք այն երկխոսությունը, որը առաջ է մղում այս նպատակը», - պատասխանել է ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակը։