21/07/2023 14:38
Համայնքապետարանն ի վնաս համայնքի բնակիչների կարծիք հայտնած չի լինի. Մասիսի քաղաքապետը՝ Մարմարաշենում կառուցվող ցեմենտի գործարանի մասին
Armlur.am-ը գրել էր, որ Արարատի մարզի Մասիս համայնքի Մարմարաշեն գյուղի հարակից տարածքում կառուցվելիք ցեմենտի գործարանի շուրջ ուշագրավ զարգացումներ են սպասվում
Ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են համայնքում հավաքվել բնապահպանները, համայնքի բնակիչները եւ ի՞նչ հարց են բարձրացնում։
Բանն այն է, որ «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից գործարանի կառուցումը սպառնում է անպիտան դարձնել ինչպես նախատեսվող գործարանի տարածքին հարակից վարելահողերը, այնպես էլ շրջակայքում գտնվող ձկնաբուծարանները։
Գյուղացիներն էլ իրենց հերթին մտահոգված էին օդի աղտոտման խնդրով, քանի որ բազմաթիվ օրինակներ կան, երբ գործարանների սեփականատերերը խոստանում են պահպանել նորմերը, բայց կարճ ժամանակ անց հարակից տարածքի բնակիչները ստիպված են լինում կամ կեղտոտ օդ շնչել ու բազմաթիվ հիվանդությունների տեր դառնալ, կամ էլ տուն-տեղ ծախել ու հեռանալ իրենց բնակավայրից։
«Համայնքի ղեկավարի ժ/պ-ի կողմից պետք է լինի պատասխան տվյալ ընկերությանը, այս պահին չեմ տիրապետում, բայց, կարծում եմ, համայնքապետարանը ի վնաս համայնքի բնակիչների կարծիք հայտնած չի լինի»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։
Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Անի Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե նախարարությունն ինչ եզրակացություն է տվել գործարանի կառուցման մասով.«Մեզ դեռ նախագիծ այդ մասով չի ներկայացվել։ Հատուկ ընթացակարգ կա դրա համար, նախագիծը նախարարությանն է ներկայացվում հանրային լսումներից հետո»։