21/07/2023 21:55
Պեկինը սատարում է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը. Չինաստանի ԱԳ նախարարի տեղակալ
Հուլիսի 21-ին Պեկինում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՉԺՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մա Ճաոսյույի գլխավորորած պատվիրակություննների միջև կայացել են հերթական քաղաքական խորհրդակցությունները։
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման քաղաքականության դրսևորումները, որոնք խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հայկական կողմի ջանքերը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանգամանալից անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման վտանգին։
ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Ման Ճաոսյույը ընդգծել է, որ Չինաստանը սատարում է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման գրավականն է հակամարտությունների խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորումը։ Հայկական կողմը վերահաստատել է իր սատարումը «Մեկ Չինաստան» սկզբունքին։
Կողմերը գոհունակություն են հայտնել առևտրատնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում երկկողմ համագործակցության տեմպերից, քննարկվել են փոխկապակցվածության, ներդրումների, զբոսաշրջության, օդային հաղորդակցության բնագավառներում փոխգործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։
Նույն օրը Մնացական Սաֆարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՉԺՀ կառավարության առաջատար «ուղեղային կենտրոնի»՝ ՉԺՀ Պետական խորհրդի Զարգացման հետազոտությունների կենտրոնի Եվրասիայի սոցիալական զարգացման հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Լի Յոնծյուանի և ինստիտուտի փորձագետների հետ: Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային քաղաքականությանն առնչվող խնդիրներ:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17