21/07/2023 22:48
Շատ փորձագետներ գնահատում են, որ ՌԴ-ն դուրս գալիս տարածաշրջանից. դա թվում է ֆանտաստիկայի ժանրից, բայց, ցավոք, մեր ժողովուրդն այդ պատմությունը տեսել է. Փաշինյան
Աշխարհում ոչ մի կազմակերպություն հավերժ չէ, և յուրաքանչյուր երկիր որոշում կայացնում է՝ ելնելով իր շահերից: Այստեղ խնդիրն ի՞նչ է, մենք այն խնդիրը, որ ունեցել ենք և ունենք ՀԱՊԿ-ի արդյունավետության ու պարտավորությունների կատարման ուղղությամբ, թափանցիկ այդ հարցերը քննարկում ենք մեր գործընկերների հետ: Բայց մեծ հաշվով, էլի պարադիգմի առումով, ես դրան հրապարակային մի քանի անգամ անդրադարձել եմ, Agence France-Press-ին տված հարցազրույցում ասել է Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ-ն ՀԱՊԿ-ը լքելու հեռանկար տեսնո՞ւմ է։
«Իրականում հարցն այն չէ՝ Հայաստանը դո՞ւրս է գալիս կամ դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից, թե՝ չէ, իրականում հարցն այն է՝ ՀԱՊԿ-ը Հայաստանից դո՞ւրս է գալիս, թե՞ ոչ, որովհետև չթաքցնեմ, ուղիղ ասեմ՝ շատ փորձագետներ կան Հայաստանի Հանրապետությունում, անկախ փորձագետներ, որ ինձ պարբերաբար զեկույցներ են ուղարկում այն մասին, որ այս գործընթացներն ի ցույց են դնում, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից:
Ավելին՝ կան շատ փորձագետներ, որոնց գնահատականն այն է, որ Ռուսաստանն է դուրս գալիս տարածաշրջանից: Դա, իհարկե, թվում է ֆանտաստիկայի ժանրից, բայց ցավոք մեր ժողովուրդն այդ պատմությունը տեսել է: Ի վերջո ինչի՞ հետևանք էր 1915թ. Հայոց ցեղասպանությունը, երբ կոնֆլիկտային իրավիճակի բերումով ներքին պրոբլեմների ծանրության ներքո Ռուսաստանն, ըստ էության, կոնֆլիկտային իրավիճակում գտնվող տարածաշրջանը ստիպված եղավ լքել: Եվ հայերը, որոնք հստակ ընտրություն էին կատարել՝ աշխարհաքաղաքական ընտրություն, մնացին երես առ երես, դեմ-դիմաց Թուրքիայի հետ: Բնականաբար, այդ վերլուծություններն ավելի ահագնացան, ավելի սրվեցին վերջերս Ռուսաստանում տեղի ունեցած բոլորիս հայտնի իրադարձությամբ, ճիշտ է մեկուկես օր տևեց այդ իրադարձությունը, բայց տասնյակ վերլուծական, փորձագիտական տեղեկանքներ եմ ստացել այդ մեկուկես օրվա ընթացքում, որ սա 1915թ. սցենարն է:
1915, 1917, 1918 թվականներ՝ անկայունություն Ռուսաստանում, Ռուսաստանի ստիպված հետքաշումը՝ դուրս գալ տարածաշրջանից և հայ ժողովրդի ցեղասպանության ենթարկվելը: Բայց հիմա ամբողջ խնդիրն այն է, որ 1915-ին հայ ժողովուրդը պետականություն չուներ, պետություն չուներ, որն ուներ պարտավորություն՝ ապահովելու սեփական ժողովրդի անվտանգությունը: Հիմա ունի պետություն և պետության քաղաքականությունը պիտի կառուցվի այս տրամաբանության մեջ, որովհետև հավանականությունը, որ մի օր մենք կտեսնենք, որ Իրանը կամ Թուրքիան այստեղից գնացել են, զրո է, չկա այդպիսի հավանականություն, բայց հավանականությունը, որ ցանկացած աշխարհաքաղաքական կենտրոն, որ այստեղ այս պահին ներկա է, առավոտյան արթնանանք ու տեսնենք այստեղ չէ, այդպիսի հավանականությունը բարձր է զրոյից: Ընդ որում, պարտադիր չէ ուզենալով, պարտադիր չէ չարամտորեն, պարտադիր չէ ուզելով վնասել, պարտադիր չէ չուզենալով կատարել սեփական պարտավորությունները որևէ մեկի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ:
Եվ էլի եմ ասում, սա այսօրվա խնդիրը չէ, սա վերջին 10 տարվա խնդիրը չէ, վերջին 30 տարվա խնդիրը չէ: Սա վերջին 100 տարվա խնդիրն է, սա վերջին 150 տարվա խնդիրն է: Եվ այսօր մեր վիճակը շատ բարդ է, բայց ի տարբերություն 100 և մի քիչ ավելի տարի առաջվա, մենք այսօր ունենք պետություն, որը համարվում է ժողովրդավարական, որը համարվում է զարգացող և որը համարվում է բանակցությունների ունակ: Մենք ունենք շանս՝ հասկանալու այս ռիսկերը և կառավարելու, որը, սակայն, պետք է հասկանանք, հեշտ չէ», - ասել է Փաշինյանը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17