21/07/2023 18:17
ՔՊ-ն, այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով, ձայներ է հավաքում Ավինյանի համար. Fip.am
«Անկախ դիտորդ» դաշինքը ստացել է տեղեկատվություն, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունից ստացված հրահանգով Սպիտակի համայնքապետը հանդիպել է համայնքի վարչական ղեկավարներին և հրահանգել կապ հաստատել Սպիտակի հետ կապ ունեցող, բայց Երևանում գրանցված քաղաքացիների հետ և «ձայներ հավաքել» Տիգրան Ավինյանի ու ՔՊ օգտին Երևանի ավագանու ընտրություններում։ Նրանց բաժանվել են համապատասխան ձևաթղթեր։
«Փաստերի ստուգման հարթակի» ներկայացուցիչը զանգել է Սպիտակի բնակավայրերի վարչական ղեկավարներին և համայնքապետի տեղակալին, ներկայացել որպես ՔՊ-ական պատգամավորի օգնական և ապացույցներ հավաքել, որ համայնքում համակարգված ձևով աշխատում և ձայներ են հավաքում ՔՊ թեկնածուի համար։
Վարչական ղեկավարներից ոմանք հայտնել են, որ տեղյակ չեն կամ հրաժարվել են հեռախոսով տեղեկություն փոխանցել։
Վարչական ղեկավարներից ոմանք հրաժարվել են «պատժիչ գործողություններ» իրականացնել Ավինյանի օգտին քվեարկելուց հրաժարվողների նկատմամբ։
«Անկախ դիտորդը» նմանատիպ գործընթացների մասին տեղեկություններ ունի Ալավերդի, Տաշիր, Գյուլագարակ, Վեդի և Մասիս համայնքներում:
«Անկախ դիտորդ» դաշինքը երեք աղբյուրներից ստացել է տեղեկատվություն, որ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հանդիպումներ է ունեցել համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ և հրահանգել իրենց համայնքի հետ ունեցող և Երևանում հաշվառված քաղաքացիներին հորդորել ավագանու ընտրություններին քվեարկել Տիգրան Ավինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» օգտին։ Այդ գործընթացը, ըստ իրազեկողի, հրահանգվել և համակարգում է ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը: Ընտրողների ցուցակագրման նպատակով վարչական ղեկավարներին տրամադրվել են օրինակելի ձևաթղթեր, որոնք հասանելի են դարձել «Անկախ դիտորդ» դաշինքին։
Հայտնի դարձած տեղեկություններից հնարավոր էր անել տարբեր ենթադրություններ, և հաշվի առնելով ՔՊ կուսակցության նման «քարոզարշավի» ծավալման ոչ հանրային գործելակերպը՝ այդ ենթադրությունները հնարավոր չէր ստուգել ո՛չ բաց աղբյուրների ուսումնասիրությամբ, ո՛չ էլ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակներում:
Խախտման բնույթը հասկանալու համար կարևոր է գնահատել, թե արդյո՞ք համայնքի աշխատակազմն այս գործընթացում ներգրավվել է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ու հարկադրանքով, թե՞ միայն կուսակցական համերաշխությունից դրդված։ Արդյո՞ք ընտրողներին հավաքագրելու գործընթացը ենթադրել է միայն օրինական քարոզչական հնարքներ, թե՞ սպառնալիքներ կամ խոստումներ եղել, որոնք կարող են քրեական հանցագործության տարրեր պարունակել։ Այսինքն, փաստացի, պիտի գնահատվեին վարչական ռեսուրսի չարաշահման կամ կուսակցական քարոզչության և հորդորի կամ սպառնալիքի կիրառման վարկածները։
Այս վարկածները ստուգելու նպատակով «Անկախ դիտորդ» դաշինքի գործընկեր «Փաստերի ստուգման հարթակի» ներկայացուցիչը զանգել է Սպիտակ համայնքի 20 բնակավայրերի վարչական ղեկավարներից 15-ին (խոշորացված համայնքի մեջ մտնող գյուղերի ղեկավարները, որոնք նշանակվում են համայնքի ղեկավարի կողմից) և համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Հովհաննիսյանին, ներկայացել որպես Գևորգ Պապոյանի օգնական կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի ներկայացուցիչ ու հարցեր ուղղել ընտրողների ցուցակների վերաբերյալ։ Վարչական ղեկավարներից 5-ը չեն պատասխանել զանգերին:
Առավել մանրամասն՝ այստեղ։