21/07/2023 12:06
Ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվելու, ոչ մի թերացում չի ներվելու. Գեղարքունիքի մարզպետ
Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Վարդենիսի համայանքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ մշտադիտարկում է անցկացրել Շատջրեք և Ակունք գյուղերի շինհրապարակներում։
Մշտադիտարկման առաջին կանգառը Շատջրեք գյուղում էր, որտեղ ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց։
Շատջրեքի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 102 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է երկաթյա փակ խողովակաշարի կառուցում՝ 1623 գծամետր երկարությամբ, 1,30 մետր խորությամբ, ջրթողերի տեղադրմամբ։ Եվս 400 գծամետր երկարությամբ էլ ոռոգման ջրատարի ցանցը կառուցվում է երկաթբետոնյա կիսախողովակներով։ Ոռոգման ցանցը ճյուղավորվում է Շատջրեքի 5 տարբեր թաղամասերում։ 2023 թվականի հուլիսի 18-ի դրությամբ արդեն տեղադրվել և մոնտաժվել է շուրջ 1000 գծամետր երկարության խողովակաշար, իսկ շինարարական աշխատանքներն իրականացվել են շուրջ 50 տոկոսով։
Ծրագրի իրականացման արդյունքում Շատջրեքի տնամերձ հողամասերում և վարելահողերում, շուրջ 50 հեկտար տարածքի վրա, ոռոգման ջուրը կմատակակարվի անկորուստ և ժամանակին։
Մշտադիտարկման երկրորդ կանգառը Վարդենիս համայնքի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցում էր, որտեղ ՀՀ պետբյուջեի միջոցներով և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվում են մարզադահլիճի և նիստերի դահլիճի կապիտալ կառուցման աշխատանքները։
Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 220 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի մայիսից և կավարտվեն 2023 թվականի վերջերին։ Ծրագրով նախատեսվում է դպրոցի մարզադահլիճի և նիստերի դահլիճի հին տանիքի և ծակի քանդում, հիմքերի և պատերի ամրացում, հանդերձարանների կառուցում, ներքին հարդարման աշխատանքների իրականացում։ 2023 թվականի հուլիսի 18-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ ավարտվել են շուրջ 50 տոկոսով։
«Վարդենիսում հիմա շինարարական եռուզեռ է, որն աստիճանաբար նոր թափ է հավաքում։ Միլիարդավոր դրամների շինարարություն է ծավալվում Վարդենիս քաղաքում և համայնքի բնակավայրերում, ճանապարհաշինության, խմելու և ոռոգման համակարգերի, արտաքին լուսավորության ցանցի, դպրոցաշինության, ջրահեռացման և այլ ոլորտներում։ Լուծվում են կենսական կարևոր նշանակության այնպիսի խնդիրներ, որոնք տասնամյակներով մնացել են անլուծելի, իսկ բոլոր ծրագրերի ավարտից հետո սահմանամերձ այս համայնքի բնակավայրերում էապես կփոխվի կյանքի որակը։ Այժմ մեր առաջնահերթ խնդիրը շինարարության որակի վերահսկումն ու ապահովումն է, սահմանված ժամկետներում այս կարևոր կառույցների հանձնման գործընթացների կազմակերպումը։
Տեղերում հրահանգել եմ` շտկել նկատված թերությունները և պահպանել պահանջվող որակը, այլապես ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվելու, ոչ մի թերացում չի ներվելու։
Մշտադիտարկումները իմ կողմից կլինեն հաճախակի, իսկ մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի մասնագետների կողմից` մշտապես։ Անելու ենք հնարավորը, որպեսզի մինչ տարեվերջ ավարտի հասցվեն բոլոր շինարարությունները»,- Facebook—ում գրել է Սարգսյանը։