21/07/2023 23:04
Փաշինյանն ասել է, թե բանակցային գործընթացներում որոնք են իր համար «կարմիր գծերը»
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պետք է հասցեագրվի հենց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած երկխոսության, բանակցությունների, քննարկումների արդյունքում, Ֆրանս-պրես գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարցին, թե այս գործընթացներում որոնք են իր համար կարմիր գծերը, վարչապետը պատասխանել է.
«Մենք դրա մասին մի քանի անգամ ասել ենք՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները և անվտանգությունը: Ընդ որում՝ շատ կարևոր է հետևյալ մի արձանագրում, որովհետև կրկին իրավունքներ և անվտանգություն, այս մակարդակում դրանք տերմիններ են, մարդկանց համար ընդամենը տերմիններ են: Շատ կարևոր է, որ այդ տերմիններն արտահայտվեն այնպես, որ մարդը կարողանա կիրառել, օգտագործել և իրավունքներ ու այնպիսի անվտանգություն ունենալ, որն իրեն, իր միջավայրին, իր ընտանիքին, իր երեխաներին հնարավորություն կտա ապրել, ինքնաարտահայտվել, զարգանալ այդ միջավայրում:
Շատ կարևոր է նաև արձանագրել, որ մեր դիրքորոշմամբ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պետք է հասցեագրվի հենց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած երկխոսության, բանակցությունների, քննարկումների արդյունքում: Մենք դա անվանում ենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն: Բայց հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ուժերի անհամաչափելիությունը՝ մենք կարծում ենք, որ եթե մենք Ստեփանակերտին և Բաքվին թողնենք դեմ դիմաց, Բաքուն հնարավորություն կունենա կա՛մ մոռացության մատնել այդ օրակարգը, կա՛մ լինել մենախոսողի և ոչ թե երկխոսողի դերում: Սա է պատճառը, որ մեր ընկալմամբ, այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմների շրջանակում, որտեղ վկա, ներկա կլինի միջազգային հանրությունը: Հայաստանի պարագան բարդ է ինչո՞վ: Հայաստանի պարագան բարդ է նրանով, որ Հայաստանի շահագրգռվածությունը գործընթացում Ադրբեջանն ընկալում և մեկնաբանում է որպես ոտնձգություն կամ նկրտում Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Հենց այս ընկալման պատճառով այդ ձևաչափում խոսակցությունները կառուցողական չեն ստացվել և չեն ստացվում: Եվ դա ի վերջո ցույց է տվել ամբողջ բանակցային պատմությունը»։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17