21/07/2023 11:20
«Շոշափելի վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին». Մոսկվան Հայաստանին կոչ է արել ուսումնասիրել Հռոմի ստատուտին միանալու ռիսկերը
Հայաստանի խորհրդարանը պետք է ուսումնասիրի երկրի՝ Հռոմի ստատուտին միանալու հետևանքները և գնահատի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ռիսկերը, այս մասին ՌԴ Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարել է Դաշնության խորհրդի փոխնախագահ, համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը։
Հայաստանի Սահմանադրական դատարանը 2023 թվականի մարտի 24-ի որոշմամբ նշել է, որ Հռոմի կանոնադրությունը չի հակասում երկրի սահմանադրությանը։
«Ինչպես մենք հասկանում ենք՝ դա նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Հաագայի տրիբունալի իրավասությունը բոլոր այն գործերի առնչությամբ, որոնք նա վարում է։ Մենք ենթադրում ենք, որ մեր հայ գործընկերների այս քայլը չունի հակառուսական ենթատեքստ, սակայն, այնուամենայնիվ, գործնականում շոշափելի վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին։ Մենք կոչ ենք անում մեր դաշնակիցներին ևս մեկ անգամ ուշադիր ուսումնասիրել Հռոմի ստատուտին միանալու հետևանքները և գնահատել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համար հնարավոր ռիսկերը։ Այս դեպքում ես դիմում եմ խորհրդարանականներին»,- ասել է Վորոբյովը։
Նրա խոսքով՝ երկխոսություն է ընթանում Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև։