21/07/2023 14:46
Հայկական ու ռուսական կողմերն ընդգծել են՝ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ռազմավարական հարաբերություններին չպետք է վնաս հասցնի
Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստը՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի նախագահությամբ:
Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դաշնակցային փոխգործակցության սկզբունքների հիման վրա:
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն ու առկա սպառնալիքներին, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը:
«Արդեն 7 ամիս է, ինչ Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, շարունակում է ապօրինի շրջափակված մնալ Ադրբեջանի իշխանությունների կողմից: Հայաստանի ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացի վերսկսմանը: Մենք բարեխղճորեն մասնակցում ենք բանակցություններին, բայց բանակցություններին զուգահեռ՝ դեռևս բախվում ենք ուժի սպառնալիքի և ուժի կիրառման հետ: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է էթնիկ զտումների և ցեղասպանության իրական սպառնալիքի առջև»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հռոմի ստատուտը վավերացնելու գործընթացին, ընդգծվել է Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերություններին վնաս չհասցնելու կարևորությունը:
Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը Հակոբ Արշակյանի առաջարկով կանցկացվի 2024 թվականին Հայաստանում` Դիլիջան քաղաքում: