21/07/2023 14:26
Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ ծանր է, անհրաժեշտ է անհապաղ մարդասիրական միջամտություն՝ 120 հազար մարդու սովից փրկելու համար. Արարատ Միրզոյան
Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ ծանր է, մենք մոտ ենք հումանիտար աղետի, ուստի միջազգային հստակ աջակցության ցուցաբերումը հրատապ է, այս մասին ավստրիական «DerStandard» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ Լաչինի միջանցքը կյանքի միակ ճանապարհն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացյալ աշխարհի հետ։ Այն ապօրինաբար փակվել է արդեն յոթ ամիս առաջ 2020 թվականի նոյեմբերի՝ հրադադարի մասին հայտարարության խախտմամբ։
«Սկզբնական շրջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ռուսական խաղաղապահ ուժերը կարողացել են Լեռնային Ղարաբաղ մատակարարել սննդամթերքի և դեղորայքի առնվազն որոշ քանակ։ Սակայն, արդեն մեկ ամիս է, ինչ միջանցքն ամբողջությամբ արգելափակված է։ Ոչինչ չի անցնում: Լեռնային Ղարաբաղը փաստացի շրջափակման մեջ է»,- ասել է նախարարը։
Միրզոյանի խոսքով՝ անհրաժեշտ է անհապաղ մարդասիրական միջամտություն՝ 120.000 մարդու սովից փրկելու համար:
«Ապա մենք կարող ենք շարունակել բանակցել բոլորի հետ, ովքեր շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ»,- ասել է նա։