22/07/2023 11:20
Գործող իշխանությունը պատրաստ է Արցախը հանձնել Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը իրականացնի Արցախի հայ բնակչության ցեղասպանություն․ Չալաբյան
Գործող իշխանությունը հայտարարում է, որ Ադրբեջանն Արցախի հայ ժողովրդի ցեղասպանություն է պալանավորում, միաժամանակ հայտարարում է, որ Արցախը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի կազմում, սա դասական շիզոֆրենիա է, ասուլիսում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա նաև ավելացրեց․ «Այսինքն՝ գործող իշխանությունը պատրաստ է Արցախը հանձնել Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը իրականացնի Արցախի հայ բնակչության ցեղասպանություն, տրամաբանական կապն այդպիսին է»։
Ըստ Չալաբյանի, 1918թ․ ի վեր, երբ օսմանյան զորքերը ներխուժեցին Արևելյան Հայաստան, երբևիցե այդքան մոտ չենք եղել իրական ցեղասպանության, որքան այսօր։
«Արցախում հումանիտար ճգնաժամն այնպես է սրվել, որ սպառնում է արդեն մարդկանց մասսայական մահացություն։ Այդ պայմաններում իշխանությունը փոխանակ ջանքերը կենտրոնացնի հայրենակիցների ողբերգությունը կանխելու վրա, իր ողջ ջանքերն ուղղել է «ՀայաՔվե»-ի դեմ։ Հարց է առջանում՝ ո՞րն է ձեր նպատակը, ո՞ր ժողովրդին եք ներկայացնում, ինչո՞ւ եք այդ ամենն անում», - նշեց նա։
Ըստ Չալաբյանի, դիմադրության բոլոր օջախները միասնական օրակարգ պետք է ձևավորեն, համատեղեն ուժերը, կանխեն հայկական նոր ցեղասպանությունը։