22/07/2023 09:54
«Հրապարակ». Արցախցի պատգամավոր Նելլա Գրիգորյանի ելույթը շոկ է առաջացրել Արցախի նախագահականում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահի «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավոր Նելլա Գրիգորյանի սկանդալային ելույթը երեկ շոկ էր առաջացրել Արցախի նախագահականում։ ԱԺ նիստում նա կոշտ քննադատել էր Փաշինյանին ու կնոջը։ Ասել էր, որ այս բարդ ժամանակահատվածում արցախցին իրավունք չունի անտարբեր մնալ «Նիկոլի ու Արաբաթ Միրզոյանի» հայտարարություններին, թե Արցախն Ադրբեջան է։ Փաշինյանին անվանել էր «խաղաղության դարաշրջան մուրացող վիժվածք»: «Վա՛յ, Ղարաբաղ, տես՝ ով է քո ճակատագիրը որոշում։ Արցախի թուրքացման ծրագրի իրականացնողը հենց Նիկոլ Փաշինյանն է, նրանից պետք է պահանջել Արցախի ապաշրջափակումը։ Իսկ Փաշինյանն ու իր Էրատո տիկինը թքած ունեն Արցախի վրա։ Տիկի՛ն Էրատո, վերջապես կողմնորոշվեք՝ ո՞վ եք դուք՝ մահապարտ կանանց հրամանատա՞ր, ֆիզիկո՞ս, այգեպա՞ն, բոստանչի՞, թե՞ դավաճան»,- ասել էր նա։
Մեր տեղեկություններով, պատգամավորի ելույթը ապշեցրել է կուսակիցներին: Այն համաձայնեցված չի եղել, որևէ մեկը չի իմացել, որ այդպիսի ելույթ է ունենալու։ Մեզ ասացին, որ խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն է կանչվել նախագահական, դիտողություն ստացել՝ իրավիճակին չտիրապետելու համար: Բայց ելույթը բուռն ողջունել են ընդդիմադիրները։ Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարությանը, թե «հազարամյակներ շարունակ կողք-կողքի ապրել ենք»` ուղղված ադրբեջանցիներին, թեև Ադրբեջանը 100-ամյակների պատմություն անգամ չունի, Արցախի մեր աղբյուրները վստահեցնում են, որ այդ հայտարարությունը նույնպես հրահանգավորված չի եղել: ԱԺ նախագահը հաճախ է նման չկշռադատված հայտարարություններ անում»։