22/07/2023 13:57
Կփորձենք ապահովել դիմորդների տեղափոխումը, եթե չստացվի, ունենք այլընտրանքային տարբերակ․ Արցախի նախարարը՝ ՀՀ բուհեր ընդունվածների մասին
Արցախի լիակատար շրջափակման ծանր իրավիճակը բավականին բարդ ազդեցություն է ունեցել կրթության ոլորտի վրա:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը:
«Պիտի նշեմ, որ ստեղծված իրավիճակը որևէ կերպ բացասական ազդեցություն չի ունեցել քննաշրջանի վրա: Քննաշրջանը կազմակերպվել է երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ, որն ավարտել ենք հուլիսի 9-ին: Քննաշրջանն անցել է բավարար մակարդակում, խնդիրներ գրեթե չեն եղել` չնայած հովհարային անջատումները և կազմակերպչական մյուս աշխատանքները կարող էին որոշակի բարդություններ ստեղծել: Ունենք ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված դիմորդներ` չնայած, ընդհանուր առմամբ, արդյունքներն այդքան էլ գոհացուցիչ չէին, քանի որ մրցակցություն տեղերի համար գրեթե չկար։ Օրինակ` եթե ունեինք չորս տեղ, դիմորդների քանակը կազմում էր հինգ կամ վեց հոգի: Կային բնագիտական ուղղության մասնագիտություններ, որոնց համար մենք ակնկալում էինք ունենալ դիմորդներ, բայց, ցավոք սրտի, չունեցանք»,-ներկայացրել է նախարարը:
ԱՀ ԿԳՄՍ նախարարը անդրադարձել է նաև հայաստանյան և արտասահմանյան բուհեր ընդունված ուսանողների՝ տվյալ բուհերում առկա սովորելու ցավոտ խնդրին, ինչը շրջափակման հետևանքով անհնար է:
«Այս փուլում մենք իրականացնում ենք դիմորդների ակտիվ հաշվառում, ովքեր իրենց ուսումը պետք է շարունակեն արտասահմանյան և հայաստանյան տարբեր բուհերում: Կփորձենք ապահովել մեր դիմորդների տեղափոխումը: Եթե նման հնարավորություն չստեղծվի, ապա ունենք նաև այլընտրանքային տարբերակ, ամենայն հավանականությամբ, մենք կկազմակերպենք նրանց ուսումնառությունը առցանց եղանակով՝ համապատասխան բուհերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն»,-ընդհանրացրել է նախարարը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։