22/07/2023 09:45
«Ժողովուրդ». Արման Հակոբջանյանն արտոնյալի կարգավիճակով անշեղորեն ավելացնում է իր ունեցվածքը Արցախի և Հայաստանի հաշվին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «7 ամիս շրջափակված Արցախից Հայաստան փախած գործարար Արմեն Հակոբջանյանը, մի կողմից, իր նոր գնած գազալցակայանների դիզայնն է փոխում, մյուս կողմից՝ իր տան կողքին մի առանձնատուն էլ եղբոր համար է կառուցել: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է Ավան վարչական շրջանում կառուցված երկհարկանի երկու տները, որոնք պատկանում են ատոնյալ ղարաբաղցի Արման Հակոբջանյանին ու նրա եղբորը: Իսկ ո՞վ է Հակոբջանյանը, որ արտոնյալի կարգավիճակով անշեղորեն ավելացնում է իր ունեցվածքը, ընդ որում՝ երկու պետությունների՝ Արցախի և Հայաստանի հանրապետությունների հաշվին:
Հիշեցնենք, որ Հակոբջանյանը, որ իր հոր՝ ԼՂՀ քաղաքաշինության նախկին նախարար Մարատ Հակոբջանյանի կողմից 1997 թվականին «Կապավոր» ճանապարհաշինական ընկերությունն է ղեկավարում, պետական մրցույթներում հաղթելով, ահռելի ունեցվածքի տեր է դարձել: Նրանք նաև ունեն 2002 թվականից հիմնադրած ևս մի ընկերություն՝ «Սերպանտին» ՍՊԸ-ն:
Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2022 թվականի հունվարի 1 մեկից մինչև 2023 թվականի հուլիսի 5-ը «Կապավոր» ՍՊԸ կնքել է 15 պայմանագիր ՀՀ հանրային իշխանության մարմինների հետ, դրանց թվում՝ Դիլիջանի ևևԳավառի համայնքապետարանների, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության հետ: Կնքված պայմանագրերի արժեքն ընդհանուր առմամբ կազմել է 4 մլդ 323 մլն 662 հազար 900 դրամ: Ծառայությունները, որոնք մատուցել է Հակոբջանյանի ընկերությունը, հիմնականում ճանապարհաշինական բնույթ են կրում:
ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունում էլ բաց հրատապ մրցույթով և շրջանային համաձայնագրի գնման ընթացակարգերով «Կապավոր» ՍՊԸ-ն կնքել է 2 մլդ 718 մլն 018 հազար 680 դրամ արժողությամբ պայմանագրեր՝ դարձյալ ճանապարհների վերանորոգման և պահպանման աշխատանքների համար:
Ու քանի որ բոլոր ցանկալի և մեծ մրցույթները շահում է հենց «Կապավոր»-ը՝ օգտագործելով իր կապերը նաև տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի հետ, դրա համար էլ արտոնյալ կերպով հա՛մ Երևանում է երկու առանձնատուն կառուցել, հա՛մ էլ Սևանում, այն էլ՝ ապօրինի: Նկատենք, որ Սևանա լճի ափին կառուցված շքեղ առանձնատունն էլ նույն Գնել Սանոսյանի՝ Գեղարքունիքի մարզպետ եղած ժամանակ է կառուցել: Իհարկե, 2018-ին «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանն ասում էր, որ Սևանի ափի առանձնատները ենթակա են կա՛մ ապամոնտաժման, կա՛մ, եթե քաղաքաշինական նորմերը չեն խախտվել, եթե ամեն ինչը համապատասխանում է օրենքի պահանջներին, կարող են դառնալ նաև պետության սեփականությունը: Սակայն փաստացի Հակոբջանյանը, լինելով արտոնյալ գործարար, կառուցել է Սևանի ափին առանձնատուն, այն էլ՝ շինարարական խախտումներով, ու մինչ օրս այն չի պետականացվել:
Հիշեցնենք՝ ArmLur.am-ը հունիսի 22-ին գրել էր, որ արցախցի գործարար Արման Հակոբջանյանին հաջողվել է փախչել շրջափակված Արցախից և գնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գազ» և «Մուլտի լեոն» ընկերությունների գազալցակայանները: Հակոբջանյանն ինքը մեզ հետ զրույցում չէր էլ հերքել ո՛չ Արցախից Հայաստան գալու, ո՛չ էլ լցակայանները գնելու մասին տեղեկությունը»։