23/07/2023 22:47
Մեծ շուքով նշվել է Թալինի օրը
Պաշտոնատար անձանց մասնակցությամբ, մշակութային ու ավանդույթ դարձած տոնախմբությամբ հուլիսի 22-ին՝ հուլիս ամսվա 3-րդ շաբաթ օրը, նշվել է Թալինի օրը։ Մասնակից էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ԱԺ պատգամավորներ Մաթևոս Ասատրյանը, Հռիփսիմե Հունանյանը, Դավիթ Առուշանյանը, Արագածոտնի մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, Աշտարակի փոխհամայնքապետ Շանթ Վահանյանը, Թալինի քույր քաղաքի՝ Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետ Մառլեն Մուղիեն, փոխքաղաքապետ Ռոբերտ Տաֆանկեճյանը, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, այս մասին տեղեկացրին Արագածոտնի մարզպետարանից։
«Տոնը կազմակերպել է Թալինի համայնքապետարանը և նրա գլխավոր ուղերձը Թալինը սիրելու և այն շենացնելու, թալինցի լինելու համար հպարտանալու մասին է։
Տոնական միջոցառումները մեկնարկեցին Թալինի նորակառույց դարպասներից՝ կարմիր ժապավենի կտրման արարողությամբ։ Հենց այստեղ, ողջունելով Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետ Մառլեն Մուղիեին, նախարար Գնել Սանոսյանը նրան ներկայացրեց ՀՀ կառավարության՝ համայնքների ենթակառուցվածքները զարգացնելուն ուղղված ծրագրերը, հանգամանալից կանգ առավ սուբվենցիոն ծրագրերի, Թալինի զարգացման ծրագրերի վրա։
Այնուհետև տոնակատարության մասնակիցները Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցին օրհնության ծեսի, որից հետո քայլերթով շարժվեցին դեպի Թալինի պանթեոն, խնկարկեցին հայրենիքի համար մղված պատերազմներում զոհված թալինցի տղաների հիշատակը։ Պանթեոնին կից Կաթողիկե եկեղեցում հյուրերի համար երաժշտական կատարումներ ներկայացրին թալինի շնորհալի երաժիշտներն ու երգիչները։
Արվեստի գործերի ցուցադրությամբ հյուրերին հիացրին նաև Թալինի գեղարվեստի դպրոցի սաները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ համայնքի ավանդական ուտեստների, ազգային խոհանոցի համն ու հոտը հյուրերին ներկայացրել են տարբեր բնակավայրերից ժամանած բնակիչները՝ իրենց տաղավարներում հյուրասիրելով պաշտոնյաներին և հյուրերին։
Թալինի հրապարակից մեկնարկել է միջոցառման երկրորդ մասը՝ համայնքապետ Տավրոս Սափեյանի ողջույնի խոսքով։ Նա ելույթում ընդգծել է, որ համայնքը զարգացնելու գործում նախանձախնդիր պետք է լինի յուրաքանչյուր թալինցի, իսկ համայնքի ղեկավարությունն իր հերթին անում է ամեն ինչ՝ Թալինը ծաղկած ու ցանկալի միջավայր դարձնելու համար։
Համայնքապետը հատուկ ընդգծել է հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևորությունը, բարձր գնահատել Թալինի և Բուրգ-լե-Վալանսի ղեկավարությունների գործակցությունն ու պատրաստակամություն հայտնեց այն խորացնելու։
Նշվում է, որ հրապարակում շնորհակալագրեր, պատվոգրեր ու արծաթյա հուշանվերներ են հանձնվել համայնքի զարգացման գործում ավանդ ներդրած պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նախարար Գնել Սանոսյանին, ԱԺ պատգամավորներին, մանկավարժների, ազատամարտիկների ու քաղաքացիների։
«Օրվա ուշագրավ պահերից մեկը հրապարակում գտնվող «երգող» շատրվանների գործարկումն էր, որը, ըստ համայնքի ղեկավարության, պատեհ առիթով նվեր է բոլոր թալինցիների համար։
Միջոցառումը շարուակվեց երգ-երաժշտությամբ, պարային համույթների գեղարվեստական կատարումներով ու հայտնի երգիչ-երգչուհիների ելույթներով։
Յուրաքանչյուր թալինցի՝ մեծ թե փոքր, տոնի ընթացքում գտավ իր հետաքրքրությունը․ կազմակերպիչները փոքրիկների համար հատուկ նվեր՝ հետաքրքրաշարժն շոու ծրագիր էին պատրաստել, որի մասնակիցը դարձան հարյուրավոր երեխաներ»,- հայտնում են Արագածոտնի մարզպետարանից՝ հավելելով, որ Թալինի օրն ամփոփվել է ուշ երեկոյան՝ շքեղ հրավառությամբ։