23/07/2023 11:53
Արցախի լրագրողներն իրավունք ունեն պահանջելու միջազգային գործընկերներից երկերեսանիություն չցուցաբերել
Արցախի լրագրողների խաղաղ ակցիան շատ հստակ ազդակ պետք է լինի աշխարհի լրագրողներին, միջազգային մեդիային, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում Գլոբալ մեդիա ֆորում կազմակերպելը միջազգային հանրության աչքերին հերթական թոզ փչելն է, իսկ մարդիկ ովքեր եկել են հումանիտար աղետից ընդամենը կիլոմետր այն կողմ ու խրախճանքների մեջ են և որոնց ադրբեջանցիները կերակրում են բառի բուն ու փոխաբերական իմաստներով, բարի լինեն, իջնեն Ստեփանակերտ, Արցախի այլ համայնքներ՝ ներկայացնելու օբյեկտիվ իրականությունը, թե ինչպիսի զրկանքների ու տառապանքների միջով է անցնում Արցախի հազար բնակչությունը:
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ով Արցախի մի խումբ լրագրողների հրավերով մասնակցել է Ստեփանակերտ-Շուշի ճանապարահատվածին նրանց կողմից կազմակերպված խաղաղ ակցիային, որի ժամանակ կոչ է արվել ֆորումի մասնակիցներին հավատարիմ մնալ լրագրողի առաքելությանը՝ ներկայացնելու ճշմարտությունը և պաշտպանելու մարդու իրավունքները և արժանապատվությունը:
«Արցախի լրագրողները 7 ամիս շարունակ իրենք էլ կրելով շրջափակման ամենամեծ դժվարությունները, շարունակել են իրենց աշխատանքը գոնե ինչ-որ ձևով Արցախի Արցախի ձայնը դրսում ներկայացնելու ուղղությամբ և նրանք կարող են ու իրավունք ունեն պահանջելու իրենց գործընկերներից երկերեսանիություն չցուցաբերել և գալ Արցախում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը ներկայացնել»,-նշել է նա՝ հավելելով, որ արցախցի լրագրողների հրավերով եկել է մասնակցելու և աջակցելու, որպեսզի նրանց ձայնը տարածվի աշխարհում: