23/07/2023 19:32
Վազգեն Սարգսյանը նույնիսկ բանակում չէր ծառայել, ինչպես ստացվեց որ նա դարձավ սպարապետ․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Երկրապահ կամավորականների միության ստեղծման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:
Վերջինիս ներկա են եղել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, պատգամավորներ, Կառավարության անդամներ, ԵԿՄ անդամներ:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին:
Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Պաշտպանության հարգելի նախարար,
Երկրապահ կամավորականների միության հարգելի նախագահ,
Մեծարգո երկրապահներ,
Պետական այրեր,
Հոգևոր հայրեր,
Հարգելի ներկաներ,
Այսօր նշում ենք Երկրապահ կամավորականների միության 30-ամյակը ճգնաժամի պայմաններում՝ աշխարհաքաղաքական ճգնաժամի, Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի և, ընդհանրապես, աշխարհակարգի փլուզման պայմաններում:
Երկրապահ կամավորականների միության 30-ամյակն, իհարկե, առաջին հերթին ձեր անցած ճանապարհն արժևորելու առիթ է, շնորհավորելու մեզ բոլորիս այդ առիթով: Բայց իրականում երկրապահության պատմությունը և երկրապահի պատմությունը մի փոքր ավելին է: Այն իրականում կապ ունի Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծման և պետականակերտման հետ:
Թույլ տվեք ասել՝ երկրապահությունն, իմ ընկալմամբ, առաջին հերթին ձևավորեց որպես մտածողության փոփոխություն, և այդ մտածողության փոփոխության առաջին կրողը հենց Վազգեն Սարգսյանն էր: Ո՞վ էր Վազգեն Սարգսյանը: Մենք նրան հիմա գիտենք որպես Սպարապետ, որպես Հայոց բանակի հիմնադիր, որպես Երկրապահ կամավորականների միության հիմնադիր: Թերևս վստահ չեմ, որ ներկաներից բոլորը գիտեն, բայց Վազգեն Սարգսյանը նույնիսկ բանակում չէր ծառայել՝ Խորհրդային բանակում: Նա խոստումնալից գրող էր, խոստումնալից կազմակերպիչ, մշակույթի ոլորտի խոստումնալից գործիչ:
Ինչպե՞ս ստացվեց, որ նա դարձավ Հայոց սպարապետ: Առաջին հերթին, մտածողության փոփոխության բերումով, որովհետև այդ մտածողությունն է՝ հասկանալ ինչ է կատարվում և ադեկվատ արձագանքել կատարվողին, դա է մտածողության փոփոխության ամենակարևոր բաղադրիչը: Վազգեն Սարգսյանը հասկացավ, որ Հայոց պետականությունն ամենակարևորն է և ամեն ինչից վեր:
Ես շատ ուրախացա, երբ տեսա, ահա, այս պաստառը, որովհետև Վազգեն Սարգսյանի ժառանգությունից շատ բան կարելի է թվարկել: Այս բոլոր պատերը կարելի է զարդարել Վազգեն Սարգսյանի ժառանգությամբ, բայց շնորհակալ եմ, որ ընտրված է հենց սա, որովհետև խոսքը պետության և պետականության մասին է: Ինչի՞ համար է պայքարել Վազգեն Սարգսյանը, պիտի ասեմ նաև իմ համոզմունքը, թե ինչո՞ւ է սպանվել Վազգեն Սարգսյանը: Իմ համոզմունքն է, որ Վազգեն Սարգսյանը պայքարել է պետության և պետականության համար: Սա շատ կարևոր արձանագրում է:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17