24/07/2023 19:54
Արտաքին միջամտությունը միայն բարդացնում է խնդիրները. Իրանը չի ընդունում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն. Ռաիսին` Միրզոյանին
Իրանը չի ընդունում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն և Կովկասյան տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություն, ՀՀ արտաքին գործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին:
Իրանական «Մեհրնյուզ»-ի փոխանցմամբ` Ռաիսին հայտարարել է, որ արտաքին միջամտությունը միայն բարդացնում է խնդիրները։
«Աջակցելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին՝ Իրանը հուսով է, որ այդ բանակցությունները հնարավորինս կստեղծեն և կամրապնդեն խաղաղություն, անվտանգություն և հանգստություն տարածաշրջանում»,- հավելել է նա։
Նա հավելել է, որ Իրանը պաշտպանում է տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Իրանի նախագահը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակի հնարավորինս բարձրացումը՝ հավելելով, որ Իրանը որևէ խոչընդոտ չի տեսնում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար։
Արարատ Միրզոյանն իր հերթին բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումները կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։
«Հայաստանը երբեք չի դառնա հակաիրանական գործողությունների հարթակ և միշտ կարևորում է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ընդլայնումը»,- ասել է Միրզոյանը:
ՀՀ ԱԳ նախարարը Իրանի հետ հարաբերությունները շատ կարևոր է համարել Հայաստանի համար և ընդգծել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խորացումը։