24/07/2023 13:16
Թագուհի Թովմասյանը դիմել է դատարան՝ իրեն ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերականգնելու պահանջով
Հայց եմ ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով վերականգնել ինձ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Հակառակ դեպքում՝ Թագուհի Թովմասյանը պատրաստ է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
«Լիազորություններից զրկելու գործընթացն անօրինական էր, քանի որ ես հնարավորություն չունեի իմ դիրքորոշումն արտահայտելու: Ես խորհրդարանի նախագահին, ինչպես նաև նախագահի պաշտոնակատարին անաշխատունակության տեղեկանք եմ ներկայացրել և գրավոր խնդրել եմ հետաձգել հարցի քննարկումը, բայց այն անտեսել են», - ասաց նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին իշխող ՔՊ խմբակցությունը խորհրդարանին է ներկայացրել պատգամավոր Թագուհի Թովմասյանին Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մասին որոշման նախագիծ։ Թովմասյանին պաշտոնից զրկելու օգտին քվեարկել է 62 կողմ, դեմ՝ 1 պատգամավոր, ինքը՝ պատգամավորը, նիստին ներկա չի եղել։