24/07/2023 15:03
Հաագայի դատարանի որոշման կատարումը պետք է նախապայման լինի ԵՄ-Ադրբեջան ցանկացած համագործակցության համար. ԵԽ պատգամավոր
Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոնեբորնի խոսքով` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն անտանելի եւ անընդունելի է։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Զոնեբորնը նշել է, որ սուպերմարկետների դատարկ դարակների տեսանյութերը, շտապօգնության մեքենաների վառելիքի պակասի մասին լուրերը խոսում են այն մասին, որ Ադրբեջանի օրակարգում Լեռնային Ղարանաղի հայերին էթնիկ զտման ենթարկելն է։
«Չնայած Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը և բազմաթիվ կառավարություններ կոչ են արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանը շարունակում է խստացնել շրջափակումը՝ նույնիսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին թույլ չի տալիս մարդասիրական օգնություն տրամադրել։ ՄԱԿ-ի դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանը, իրավաբանորեն պարտադիր կարգով հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է դյուրացնի բեռների և մարդկանց անարգել փոխադրումը Լաչինի միջանցքով։ Մինչ Եվրախորհրդարանը պահանջել էր պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների հանդեպ, եթե նրանք չկատարեն դատարանի հրամանը, Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերջերս ողջունեց Ադրբեջանի առաջարկը՝ նրանց կողմից մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ: Սա աղետալի ազդանշան է, քանի որ Ադրբեջանը ևս մեկ անգամ պարգևատրվում է միջազգային իրավունքին չհետեւելու համար։ Արդարատատության միջազգային դատարանի պարտավորեցնող հրամանի կատարումը պետք է նախապայման լինի ԵՄ-Ադրբեջան ցանկացած համագործակցության համար», – ասել է Զոնեբորնը։
Ըստ եվրախորհրդարանականի՝ քանի դեռ Եվրամիությունը ճնշում չի գործադրում Ադրբեջանի վրա դատարանի որոշումը կատարելու հարցում, մեղսակից է Ադրբեջանի անմարդկային օրակարգին։