24/07/2023 17:05
Գուցե, ազդեցությունն արագ չլինի, բայց շատ կարևոր է, որ նախկին նախագահը փորձում է այդ կերպ բարձրաձայնել խնդիրը Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների նախագահների առաջ. Քաղաքագետ
Դժվար է ասել, թե ինչ ազդեցություն այն կունենա, պետք է սպասել և տեսնել, թե ինչ արձագանք կստանա, Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի նախագահներին ուղղված բաց նամակին՝ ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը։
«Եթե նույնիսկ խոսենք հնարավոր ազդեցության մասին, ապա այն արագ չի լինի։ Մենք տեսնում ենք, թե ինչ բարդ խնդրի հետ գործ ունենք, բարդ հարաբերություններ են այդ երեք երկրների միջև և, հետևաբար, այստեղ արագ ազդեցության մասին խոսք լինել չի կարող։ Սակայն շատ կարևոր է, որ նախկին նախագահը փորձում է այդ կերպ բարձրաձայնել խնդիրը Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների նախագահների առաջ։ Գուցե այնտեղ կան տողատակեր, որոնք կարող են հասկանալի լինել, առավել առարկայական հանգամանքներ շոշափելու իմաստով, առավել ընկալելի լինել նամակի հեղինակին և այն ստացող նախագահների համար՝ այն ինստիտուցիոնալ հիշողության շրջանակում, որը շոշափում է Սերժ Սարգսյանն իր նամակում։ Այստեղ հենց առանցքայինը այդ ինստիտուցիոնալ հիշողության շոշափումն է։ Սա կարևոր է լայն իմաստով»,-նշեց նա։
Դիտարկմանը, թե ինչու նման քայլերի չեն դիմում մյուս նախագահները՝ Բադալյանը շեշտեց.«Այստեղ անել-չանելը չէ խնդիրը, գուցե, մյուս նախագահներն էլ այլ քայլեր են անում, որոնք հրապարակային դաշտում չեն։ Ես չեմ ուզում 3-րդ նախագահի քայլը համեմատության մեջ դնել մյուս նախագահների հետ։ Իհարկե, շատ ցանկալի կլինի, որ մյուս նախագահներն էլ իրենց մասով առավելագույնը անեն։ Այնպես չէ, որ մյուս նախագահները ոչինչ չեն անում։ Եվ այնպես էլ չէ, որ Սերժ Սարգսյանը միայն այս նամակով արեց իր անելիքը և այլ բան չէր անում։ Կարծում եմ, որ բոլոր նախկին նախագահներն էլ զբաղված են ինչ-որ բանով օգտակար լինելու այս կամ այն գործողությամբ։ Առավել ևս, որ նրանք՝ բոլորն էլ ունեն պատասխանատվության իրենց չափաբաժինն այն հետագծի համար, որ ունեցել է Հայաստանը, ոչ միայն բուն կարգավորման գործընթացի առումով, այլև ավելի շատ հենց պետականության որակի առումով։ Կարգավորման գործընթացը և այն հանգրվանը, որում մենք այսօր գտնվում ենք, պայմանավորված էր հայկական պետականության որակով և կարգավորման գործընթացը արտացոլելու էր այդ որակի ներուժը»։
Արցախի մյուս նախագահների լռությունն էլ Բադալյանի համար նորմալ է, քանի որ, ըստ նրա, դա միայն բարոյական քաջալերում կլիներ.«Արցախի նախագահները միջազգայնորեն ճանաչված դերակատարումներ չեն եղել և չեն առնչվել ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի կամ այլ երկրների առաջին դեմքերի հետ։ Այդ ինստիտուցիոնալ հիշողություն ասվածի շրջանակում նրանք էական դեր չեն ունեցել։ Եվ նրանց որևէ հայտարարությունը առավելագույնս բարոյական կատեգորիայի մեջ կարող էր տեղավորվել»։
Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել էր Պուտինին, Բայդենին և Մակրոնին։