24/07/2023 12:54
Խորը կասկածներ ունեմ, որ Փաշինյանը ուղիղ հրահանգ է ստացել Ալիևից, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը խորհրդարանում չունենա նախագահ. Պատգամավոր
Երբ ես Բրյուսելում էի, իմ ստորագրահավաքից մեկ ամիս առաջ, այնտեղ ամենաբարձրասիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ իրենք ինձ բացատրեցին, որ գիտեք՝ ձեր երկրի վարչապետը Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, իսկ դուք այստեղ խոսում եք արցախցիների ինքնորոշման իրավունքից, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ այդ պաշտոնյանները հավելել են, որ դա նոնսենս է և իրենք այդ պարագայում չեն հասկանում, թե որ ուղղությամբ պետք է գնան։
«Ես բացատրեցի, որ Նիկոլ Փաշինյանը չունի լիազորություն այդպիսի թեզեր առաջ տանելու, քանի որ ՔՊ-ն նախ իր նախընտրական ծրագրում չի արձանագրել այդպիսի բան։ Այսինքն՝ ՔՊ-ն խաբել է ընտրողներին, նրանք նախընտրական ծրագրում գրել են՝ անջատում հանուն փրկության, բայց իշխանության գալուց հետո նրանք Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը, իսկապես, չունի այդ լեգիտիմությունը։ Ես հասկացա, որ մեր միջազգային բոլոր գործընկերներն ունեն որևէ փաստական գործիք ի ցույց դնելու կարիք։ Դրա համար ես եկա ու նախաձեռնեցի այս ստորագրահավաքը, որին միացան շատ կամավորներ, ՀՀԿ-ի երիտթևը միացավ»,-նշեց նա։
Պատգամավորի խոսքով՝ եղել են մարդիկ, ովքեր մերժել են ստորագրել այս փաստաթուղթը. «Հաշվել ենք, մոտավորապես 120 հոգի մերժել է ստորագրել այս փաստաթուղթը։ Եվ դա, կարծում եմ, նորմալ է, իսկ 5 հոգի եղել է, որ Նիկոլ Փաշինյանի թեզն է առաջ տարել և հայտարարել, որ Արցախի համար թող մտածեն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, մենք չենք ստորագրում»։
Թովմասյանը նաև անդրադարձավ «ՀայաՔվե»-ին և նշեց, որ դրանք տարբեր գործընթացներ են.««ՀայաՔվե»-ն իրավական նախաձեռնություն է, իսկ իմ կողմից նախաձեռնվածը քաղաքական բաղադրիչ ունի»։
Պատգամավորը նաև հայտարարեց, որ երբ սկսեցին այս գործընթացը և հաշվարկները, այդ ժամանակ էլ ՔՊ-ն նախաձեռնեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից իր լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությունը.«Ես հիմա խորը կասկածներ ունեմ, որ Փաշինյանը ուղիղ հրահանգ է ստացել Ալիևից, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը խորհրդարանում չունենա նախագահ»։