24/07/2023 16:05
Լավրովը, Միրզոյանը և Բայրամովը հուլիսի 25-ին Մոսկվայում կքննարկեն Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 25-ին Մոսկվայում եռակողմ և երկկողմ հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ նախարարները «կվերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ակտիվացման ուղիները»։
«Հատուկ ուշադրություն է դարձվելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, մնացած հարցերի լուծումների որոնմանը, որին Ռուսաստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել», - հավելել է ՌԴ ԱԳՆ-ն։
Երեք երկրների արտգործնախարարները նախատեսում են քննարկել նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման, հասարակության ներկայացուցիչների և փորձագետների շփումների, երկու երկրների խորհրդարանականների միջև երկխոսության մեկնարկի հարցը։
Երկկողմ զրույցների ընթացքում նախատեսվում է կենտրոնանալ քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական օրակարգի արդի հարցերի քննարկման վրա։