24/07/2023 19:00
Բարձր ենք գնահատում Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության և ենթադրվող ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխանության վերաբերյալ. Արարատ Միրզոյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում մեզ համար առանցքային են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա հստակ սահմանների վերահաստատումը, սահմանազատման և սահմանային անվտանգության երաշխիքների ապահովումը, ինչպես նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների կայուն միջազգային մեխանիզմի ձևավորումը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման համար, Իրանում այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Սակայն, ցավով պետք է արձանագրեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ երկխոսության փոխարեն Ադրբեջանն այսօր վարում է էթնիկ զտումների քաղաքականություն, որի բացահայտ դրսևորումն է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի՝ արդեն ավելի քան յոթ ամիս շարունակվող ապօրինի արգելափակումը։ Հունիսի 15-ից ամբողջությամբ դադարեցվել է ԼՂ սննդի և դեղորայքի մատակարարումը, խոչընդոտվում է ծանր առողջական խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Հայաստան»,- ասել է նա:
ՀՀ ԱԳ նախարարան ընդգծել է` այսօր մենք ականատես ենք լինում նրան, ինչի մասին նախազգուշացնում էինք յոթ ամիս առաջ. Լեռնային Ղարաբաղում արդեն իսկ էական, շոշափելի մարդասիրական ճգնաժամ է: Եվ դա տեղի է ունենում միջազգային մարդասիրական նորմերի կոպտագույն խախտմամբ՝ ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների, միջազգային հանրության բազմաթիվ կոչերի ու բանաձևերի, Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման, որն ի դեպ վերահաստատվեց հուլիսի 6-ին։
«Պետք է ընդգծեմ, որ Հայաստանն ակնկալում է Հարավային Կովկասում իրական խաղաղությամբ շահագրգռված և պատասխանատու դերակատարների գործուն ջանքերը՝ 21-րդ դարում սեփական աչքերի առջև նոր հումանիտար աղետ թույլ չտալու հարցում։
Հայաստանի Հանրապետությունը մեծապես շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ՝ հիմնված երկրների ինքնիշխանության և ազգային իրավազորության, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Այս համատեքստում մեզ համար վիճարկման ենթակա չէ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր պետական սահմանի անքակտելիությունը, որի վերաբերյալ հայկական և իրանական կողմի հստակ և բազմիցս արտահայտված դիրքորոշումները նույնական են: Այս առումով, ինչպես քանիցս նշել ենք, բարձր ենք գնահատում հարևան և բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ենթադրվող ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխանության վերաբերյալ»,- նշել է Միրզոյանը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17