25/07/2023 09:59
«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանն իր թիմակիցներին հորդորել է, որ չմասնակցեն ԼՀԿ-ի ցուցակով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հակված է չմասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին. որոշումը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանինն է:
Ավելին՝ մեր հավաստի տեղեկություններով՝ Երևանի ավագանու «Լույս» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամները քննարկումների արդյունքում նախապես պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամներ Մարկոս Հարությունյանը և Միքայել Մանրիկյանը կընդգրկվեն ԼՀԿ ցուցակում՝ 2-րդ և 4-րդ համարներով, և նրանց ցուցակով կմասնակցեն ավագանու ընտրություններին, սակայն ավելի ուշ ԲՀԿ-ականները հրաժարվել են անգամ այդ ֆորմատով մասնակցել ընտրություններին:
Մեր տեղեկություններով՝ հենց Գագիկ Ծառուկյանն է իր թիմակիցներին հորդորել, որ չմասնակցեն ԼՀԿ-ի ցուցակով, ավելին՝ ասել է, որ օգնեն ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին: Այս հարցերի շուրջ մեկնաբանություն ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանի հետ։ Վերջինս նշեց, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ԲՀԿ քաղաքական թիմը շարունակում է քննարկումները Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության վերաբերյալ հարցով։
«Այս օրերին մենք հանդիպումներ ենք ունենում Երևան քաղաքի տարածքային կառույցների, կուսակցական ակտիվի ներկայացուցիչների հետ, և երբ քննարկումներն ավարտվեն, ԲՀԿ-ն հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Ինձ համար այլևս նորություն չէ, որ ժամանակ առ ժամանակ, ավելի ստույգ՝ պարբերաբար, տարատեսակ շրջանակների կողմից ԲՀԿ-ին կամ Գագիկ Ծառուկյանին շահարկող տարատեսակ ինֆորմացիաներ են շրջանառության մեջ դրվում, սակայն ավելի գրագետ և պրոֆեսիոնալ եմ համարում կոչ անել հավատալ բացառապես այն հայտարարություններին, որոնք պաշտոնական բնույթ են կրում։ ԲՀԿ պաշտոնական դիրքորոշումների մասին հայտարարություն կարող է անել բացառապես պարոն Ծառուկյանը կամ նրա կողմից լիազորված քաղաքական թիմի անդամներից որևէ մեկը, իսկ մինչ այդ կասկածելի աղբյուրներից ծնունդ առնող ինֆորմացիաներին հորդորում են արժանահավատորեն չվերաբերվել»,-ասաց նա»։