25/07/2023 22:52
Առաջարկել ենք եռակողմ երկխոսություն սկսել խորհրդարանականների միջոցով. Լավրովը՝ բանակցությունների մասին
Պայմանավորվեցինք փորձել վերսկսել երկխոսությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և քաղաքական փորձագետների միջև երկրորդ «ուղով»: Մենք նաև հույս ունենք (այսօր մենք դա առաջարկել ենք) եռակողմ երկխոսություն սկսել խորհրդարանականների միջոցով։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ բանակցությունների արդյունքի մասին։
Լավրովը հույս է հայտնել, որ բանակցային գործընթացը կշարունակվի․ «Մենք հասկանում ենք և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերի շահագրգռվածությունը միջնորդներ օգտագործել ոչ միայն ի դեմս Ռուսաստանի Դաշնության, բայց նաև այլոց։ Մենք ողջունում ենք նրանց ցանկությունը, որոնք անկեղծորեն շահագրգռված են օգնելու Բաքվին և Երևանին համաձայնագրեր գտնելու հարցում, որոնք մեզ նման աշխատում են այս ուղղությամբ։ Բայց չպետք է փորձեր արվեն արհեստականորեն որոշակի պայմանավորվածություններ պարտադրել՝ ոչ թե հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով, այլ հանուն լրատվամիջոցների գեղեցիկ վերնագրերի, հանուն աշխարհաքաղաքական և ներքաղաքական նկատառումների»։
ՌԴ ԱԳ նախարարը նաև ասել է, որ կշարունակեն «եռանդուն աշխատանքը» հետագա հանդիպումների նախապատրաստման ուղղությամբ, ներառյալ այս տարի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ևս մեկ գագաթնաժողով անցկացնելու ծրագրերը։