25/07/2023 12:49
Լուսինե Ավանեսյանը մանրամասնել է, թե որոնք են Արցախի նախագահի ակնարկած հաջորդ քայլերը
Այսօր՝ հուլիսի 25-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված համաժողովրդական հանրահավաքով ամփոփվելու է Արցախի ապաշրջափակման համար պայքարի հերթական փուլը: Այդ մասին ասել է նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ պատասխանելով «Արցախպրես»-ի հարցերին՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից հայտարարված մեկշաբաթյա նստացույցի արդյունքներն ինչպիսի՞ն են և նախագահի ակնարկած հաջորդ քայլերը որո՞նք են։
«Նախագահ Հարությունյանը մեկշաբաթյա նստացույցի ընթացքում ունեցել է մի շարք հանդիպումներ, քննարկումներ, հեռախոսազրույցներ: Երեկ նախագահը նստացույցի շարժառիթ հանդիսացած իրավիճակի, Արցախում ստեղծված հումանիտար աղետի, հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ շուրջ երկու ժամանոց ասուլիս է ունեցել օտարերկրյա և սփյուռքյան լրատվամիջոցների հետ: Մեկ շաբաթվա ընթացքում նախագահ Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած քննակումները նվիրված են եղել ստեղծված իրավիճակին համարժեք քայլերի և լուծումների հստակեցմանը: Հուլիսի 26-ին, ամփոփելով նստացույցի, հանրահավաքի և մի շարք այլ ընթացիկ զարգացումների միջանկյալ արդյունքները, Արցախի Հանրապետության նախագահը հանդես կգա հայտարարությամբ՝ հետագա քայլերի մասին»,- ասել է Լ. Ավանեսյանը: