25/07/2023 09:43
«Հրապարակ». Եվրոպական կառույցների կողմից ԲԴԽ-ին ուղղված զգուշացումները՝ ապօրինի քայլերից զերծ մնալու վերաբերյալ, անտեսելն անհետևանք չի մնացել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավականին արագ կոմունիկացրել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի գանգատը։ Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը՝ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ, դադարեցրել էր Անտոնյանի լիազորությունները։ Մայիսի 24-ին Անտոնյանի ներկայացուցիչը դիմումն ուղարկել է ՄԻԵԴ, և Եվրադատարանն արդեն կոմունիկացրել է կառավարությանը, այսինքն` մի շարք հարցեր են ուղղել` ակնկալելով մինչև սեպտեմբեր ստանալ պատասխաններ։ Նաև առաջարկել են պատասխանել` պատրա՞ստ է արդյոք պետությունը հաշտության ուղղությամբ քայլեր անելու։ Ստացվում է, որ զարգացումները շատ արագ են տեղի ունեցել, և ԲԴԽ ակնկալիքները, որ գործընթացը կտևի 5 և ավելի տարի, իսկ դրանից հետո «կա՛մ էշը կսատկի, կա՛մ իշատերը», չեն արդարանալու։
Եվրոպական կառույցների՝ ԲԴԽ-ին ուղղված զգուշացումները՝ ապօրինի քայլերից զերծ մնալու վերաբերյալ, անտեսելն անհետևանք չի մնացել, և կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հիմա հարկադրված է պատասխան տալ դատավորների չհայտարարված «վեթինգ» անելու և իշխանություններին անհաճո դատավորներից ազատվելու գործընթացի համար»։