25/07/2023 11:13
Աշխարհը ճանաչում է Կոսովոն ոչ միայն քաղաքական երկակի ստանդարտների տեսանկյունից, այլև նրա համար, որ Կոսովոյում չի գտնվել ինքնորոշումը կասկածի տակ դնող որևէ մեկը․ Դանիելյան
Եթե ըստ որոշ գործիչների՝ տարածքային ամբողջականությունը բացառում է ազգային ինքնորոշումը, ապա աշխարհում պետք է լիներ 51 պետություն, ճիշտ այնքան, որքան եղել է ՄԱԿ-ի կողմից տարածքային ամբողջականությունը ճանաչելու պահին, գրել է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։
«Իսկ տարածքային ամբողջականությունը՝ Արցախը Ադրբեջանի կազմում զուգահեռ ճանաչելը նշանակում է միայն մի բան՝ չտեսնելու տալ, որ Արցախում սեփական ազգի ներկայացուցիչները միջազգային իրավունքին հավատարիմ՝ դեռ 32 տարի առաջ ինքնորոշվել են:
Աշխարհն այսօր ճանաչում է Կոսովոն, որտեղ անգամ դասական իմաստով հանրաքվե չի եղել, իսկ ճանաչել է ոչ միայն զուտ քաղաքական երկակի ստանդարտների տեսանկյունից, այլև նրա համար, որ Կոսովոյում չի գտնվել ինքնորոշումը կասկածի տակ դնող որևէ մեկը:
Հ.Գ. Այս օրերին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական թիմը միջազգային Նյուրենբերգյան դատախաղում 100 պետությունների թիմերի մեջ գրավել է 1-ին տեղը (սա վատ նորություն է միայն հայրենական բուհերը սոսկ միջազգային վարկանիշի աղյուսակով գնահատողների համար): Սրտանց շնորհավորում եմ մեր ուսանողներին և այդ հաղթանակի համար հսկայական ջանքեր գործադրած դասախոսներին ու ֆակուլտետի դեկան պարոն Ղազինյանին: Այս հաղթանակը կարևոր է, քանզի մեզ օդի և ջրի պես պետք են միջազգային քրեական իրավունքի գիտակներ՝ նկատի ունենալով ալիևի մեծ ախորժակով նկրտումները, որոնք ապագայում սպասել չեն տա»։