25/07/2023 09:55
«Հրապարակ». ՊԵԿ-ում նահանջել են ավտոներկրողների բարձրացրած աղմուկից
«Հրապարակ» թերթը գրում է. «Ավտոներկրողներից տեղեկացանք, որ ՊԵԿ-ում նահանջել են բարձրացած աղմուկից և սկսել են վերադարձնել այն ավտոներկրողների ԱԱՀ-ն, որոնք վաճառքից 10 տոկոսից ավելի շահույթ չեն ունեցել։ Անցած շաբաթներին մենք անդրադարձել էինք այս խնդրին: Գրել էինք, որ անգամ ՔՊ-ում են կարծում, թե Ռուստամ Բադասյան-Արգիշտի Քյարամյան տանդեմը զբաղված է պետական ռեկետով և քրեական գործեր է հարուցում, որ «ջրի» ավտոներկրողներին օրենքով սահմանված ԱԱՀ-ն վերադարձնելու գործը՝ պատճառաբանելով, թե իբր ոմանք բիզնես են անում և մեծ շահույթ ստանում, դրան գումարած էլ՝ ԱԱՀ-ն են հետ ստանում։
Գրել էինք, որ ՔՊ-ում Բադասյանին ու Քյարամյանին դեռևս հուլիսի 13-ին կանչել էին բացատրություններ պահանջելու, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանք չէին ներկայացել խորհրդարան։ Տեղեկացանք, որ օրերս Բադասյանի հետ մի խումբ պատգամավորներ են հանդիպել, բավականին թեժ զրույց ունեցել, որից հետո է ՊԵԿ-ը «զադնի դրել»։ Հիշեցնենք․ խոսքը դրսից ներկրված և Ռուսաստան արտահանվող մեքենաների մասին է»։