25/07/2023 13:16
Իրավիճակը շարունակում է մնալ լարված. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտություն է. Վարչապետ
Միջազգային ու աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում շարունակում է մնալ լարված և անկայուն, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ աշխարհակարգը, որ համարվում էր այդ թվում մեր տարածաշրջանի կայունության հիմնական գործոններից մեկը, ըստ էության, գոյություն չունի:
«Ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը՝ ոչ ոք չգիտի, դրա ձևավորման գործընթացում Հայաստանի ազդեցություններն անորոշ են ու աննյութական, իսկ աշխարհաքաղաքական անկայունություններց բխող սպառնալիքները՝ տեսանելի և իրական», - ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանի համար կենսական նշանակություն է ստանում տարածաշրջանային ոչ կոնֆրոնտացիոն քաղաքականության մշակումը, զարգացումն ու իրագործումը:
Վարչապետն ասաց, թե Հայաստանին սահմանակից երկրներից որևէ մեկը մյուսի հետ կոնֆրոնտացիոն հարաբերություններ չունի ու ամենասուր հարցերի լուծման բանաձևը համարվում է համագործակցության քաղաքականությունը, որն առավել արդյունավետ է դառնում շահերի հավասարակշռման արդյունքում:
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտություն է այն ընկալմամբ, որ Իրանի ու Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն կերպով ու պետք է շարունակեն զարգանալ», - ասաց նա: